Բավ է պառակտվել
25-11-2016 16:35

Ինչու՞ է Երևանն իսկապես հիանալի քաղաք (լուսանկարեր)

Ճամփորդությունների մասին պատմող պորտալներից մեկի գլխավոր խմբագիր Անտոն Կաշլիկովը ներկայացրել է իր ցնցող տպավորությունները Երևան կատարած ճամփորդությունից հետո։

«Այս տարի իմ կողմից արված աշխարհագրական բացահայտումների թվում երևանյան այցելությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Քաղաքը, որից չգիտեի, թե ինչ կարելի է սպասել, հանկարած դարձավ թարմ և հաճելի տպավորությունների իսկական գանձարան», – նշել է Կաշլիկովը։

Նրա խոսքով, ի տարբերություն հարևան Վրաստանի` Հայաստանը բավականին համեստ է արտերկրում իր առաջխաղացման գործողունեությունում, այդ պատճառով զարմանալի չէ, որ ռուսաստանցիները չափազանց քիչ բան գիտեն Հայաստանի մասին։

Կաշլիկովի վրա մեծ տպավորություն է թողել Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը ժողովուրդը պարզապես անվանում է «Կասկադ»։ Այդ տարածքում են գտնվում բավականին հետաքրքիր արվեստի գործեր, այդ թվում` Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները։

Մատենադարանը գործող գիտահետազոտական ինստիտուտ է, որտեղ ուսումնասիրում և վերականգնում են բացառիկ հրատարակություններ։

«Եթե ցանկացած քաղաքում առաջին հերթին վազում ես գրախանութ, ապա Մատենադարանը քեզ հաստատ դուր կգա...Գումար մի ափսոսա և պատվիրիր շրջայց, այդպես դու ոչինչ բաց չես թողնի», – գրել է Կաշլիկովը։

Սերգեյ Փարաջանովի թանգարանը գերել է գլխավոր խմբագրին իր էներգետիկայով։ «Հանճարեղ ռեժիսորն ու նկարիչը` իր ներքին ազատությամբ, պայծառությամբ և վտանգավոր անկեղծությամբ, ոչ մի կերպ չէր կարող համապատասխանել այն դարաշրջանին, որում նրան բախտ է վիճակվել ապրել։ Նրա մետաֆորիկ, հեգնական, երբեմն չափազանց անկեղծ և սոսկալի աշխատանքների յուրօրինակ էներգետիկան հաստատ «անտարբեր չի թողնի»», – նշել է նա։ 

Կաշլիկովը նաև խորհուրդ է տվել այցելել Երևանի «ԱՐԱՐԱՏ» կոնյակի գործարան, որտեղ պատրաստվում է լեգենդար կոնյակը, որը դարձել է երկրի խորհրդանիշն ու այցեքարտը։ Գործարանում կա թանգարան, որտեղ կազմակերպվում է բավականին հետաքրքիր շրջայց։

Նրա խոսքով, վերջերս Երևանում գինետների և ռեստորանների իսկական բում է գրանցվել։ «Շատ հետաքրքիր վայրեր կգտնեք Սարյան փողոցում։ Այնտեղ կան փոքրիկ և հարմարավետ գինետներ, ռեստորաններ, որտեղ ներկայացված է ոչ միայն տեղացի գինեգործների արտադրանք», – նշել է նա։ 

Վերջինս նաև խորհուրդ է տալիս անպայման այցելել ԳՈւՄ–ի մոտակայքում գտնվող շուկան։ «Այստեղ հարկավոր է այցելել անկրկնելի մթնոլորտի և, իհարկե, ուտելու համար նախատեսված հուշանվերների համար։ Մի՛ մոռացեք, որ սա շուկա է, անպայման փորձեք և սակարկեք։ Խորհուրդ եմ տալիս գնել ընկույզից պատրաստված մուրաբա և սուջուխ, որոնք, թերևս, լավագույն հուշանվերներն են Հայաստանից», – գրել է Կաշլիկովը։

Նա ընդգծել է, որ ամենաքիչը մեկ օր արժե նվիրել քաղաքից դուրս գնալուն`այցելելով Խոր Վիրապ և Գեղարդ, Սանահինի վանք և Հաղպատավանք, ինչպես նաև հայտնի Սևանավանք, որը գտնվում է Սևանա լճի ափին։