12-11-2016 07:45

«Պոբեդան» հրապարակել է Մոսկվա–Գյումրի ավիատոմսերի վաճառքի մեկնարկի ամսաթիվը

«Պոբեդա» լոուքոսթերը սկսում է Մոսկվա–Գյումրի ավիատոմսերի վաճառքը, լրագրողներին տեղեկացրել է լոուքոսթերի գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը։

«Վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 21–ից, իսկ 2016 թ.–ի դեկտեմբերի 15–ից ընկերություն կսկսի իրականացնել կանոնավոր թռիչքներ շաբաթական երեք օր` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի։ Մեր ուղևորների համար կկազմակերպենք հատուկ և հարմարավետ տեղափոխում Գյումրու օդանավակայանից Երևան` Fly&Bus ծառայության շրջանակում», – նշել է Կալմիկովը:

Ավիաընկերության մամուլի ծառայությունից ավելացրել են, որ նշված ուղղության համար կան սահմանափակ քանակությամբ տոմսեր նվազագույն սակագնով` 999 ռուբլի կամ 16 դոլար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) «Պոբեդային» թույլատրել է չվերթեր իրականացնել դեպի Գյումրի։

«Պոբեդան» հոկտեմբերի վերջին Ռոսավիացիայից թույլտվություն էր ստացել ուղիղ չվերթեր իրականացնել Մոսկվա–Գյումրի ուղղությամբ։ Միաժամանակ ավելի վաղ ընկերությունը նախատեսում էր Մոսկվայից թռիչքներ իրականացնել նաև Երևան` տարանցում կատարելով Դոնի Ռոստովում։ «Պոբեդան» այս ուղղությամբ թռիչքներ կատարելու թույլտվություն էր ստացել դեռ հուլիսին, սակայն թռիչքներն այդպես էլ չէր կատարել։

Նոյեմբերին «Պոբեդայի» աղբյուրը տեղեկացրել էր, որ ընկերությունը հրաժարվում է Երևան նախատեսված թռիչքներից «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների սպասարկման չափազանց բարձր գնի պատճառով (ըստ աղբյուրի` այն կազմում է 50 եվրո մեկ ուղևորի համար)։

Այնուհետև Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Պոբեդայի» չվերթերը նախատեսված չեն եղել «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ այն «նախատեսված չէ բյուջետային ավիաուղիների սպասարկման համար»։

Աղբյուրի խոսքով, Գյումրու «Շիրակ» օդանավակայանը, ի տարբերություն «Զվարթնոցի», «Պոբեդային» տրամադրել է սպասարկման արտոնյալ պայմաններ։ Ընկերությունից հաստատել են, որ «լոուքոսթերի աշխատանքի պայմանները շատ հարմար են», սակայն չեն հրապարակել սպասարկման արժեքը։