15-01-2018 16:13

Թանկացումների հարցով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Սերժ Սարգսյանի առաջարկից մի քանի օր անց Ազգային ժողովը որոշել է թանկացումների վերաբերյալ լսումներ անցկացնել:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ընդունելով ԱԺ անդամներին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հնարավոր է արժեր խորհրդարանական լսումներ իրականացնել, որպեսզի գնաճի հարցը մանրակրկտորեն քննարկվի և մարդիկ տեսնեն իրականությունը:
Նշենք, որ Նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը չէին մասնակցել «Ելք» դաշինքի ներկայացուցիչները:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը այսօր խորհրդարանի հերթական քառօրյայի բացման ժամանակ հայտարարեց, որ հունվարի 23-ին խորհրդարանի նիստերի դահլիճում ԱԺ-ն լսումներ կանցկացնի «Որոշ ապրանքների գների աճի պատճառների և գնաճի թուլացման հնարավորությունների» թեմայով:
Ընդդիմադիր «Ելք» դաշինքը, որը առաջիկա ուրբաթ օրը նախատեսում է թանկացումների դեմ բողոքի քայլերդ անցկացնել, հայտարարել է, որ տվյալ հարցով խորհրդարանական լսումներ իրականացնելն անիմաստ է:
Խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանի խոսքերով, մնացել է միայն փողոցային պայքարի ճանապարհը « [Լսումներ] կազմակերպելն անիմաստ է, պարոն Բաբլոյան, որովհետև, ինչպես պարզվեց, դա լինելու է միջոցառում՝ լարվածությունը թուլացնելու համար:
Միևնույն ժամանակ, հարկավոր է հրատապ ձևով համապատասխան փոփոխություններ մտցնել Հարկային օրենսդրության մեջ: Այս բոլոր քննարկումների արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ հանրապետական մեծամասնությունն ու իշխանությունները հենց նոր են իմացել, որ նման թանկացումներ են տեղի ունեցել, և իրենք ուզում են անել ամեն հնարավոր բան՝ դրան դիմակայելու համար: Երբ սեղմված գազի ակցիզային հարկը 8 հազար դրամից բարձրացնում էիք հասցնելով 25 հազար դրամի ( 16,5 դոլարից հասցնելով 51,5 դոլարի), այդ պահին դուք չէի՞ք մտածում, որ դա շղթայական ռեակցիա կառաջացնի»:
Մարուքյանը խորհրդարանին հիշեցրեց, որ իշխող մեծամասնությունը մերժել է հարկային ոլորտի վերաբերյալ «Ելք» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունները: Ու դուք ուզում եք գալ այստեղ ու քննարկել, թե ինչպե՞ս մեղմել... Ի՞նչն եք ուզում մեղմել»: