Բավ է պառակտվել
17-08-2016 13:47

Սարի թաղում հուլիսի 29-ի դեպքերի քրեական գործով ևս 2 անձ է ձերբակալվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են քաղաքացիներ Դ. Կ.-ն և Գ. Ա.-ն՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ նույն հանցավոր արարքի կատարման համար նախկինում մեղադրանք էր առաջադրվել երկու այլ անձանց՝ Վ. Մ.-ին և Ս. Կ.-ին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Այսպիսով, 2016 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով քրեական հետապնդում է իրականացվում 4 անձի նկատմամբ: