Բավ է պառակտվել
12-07-2016 08:50

Ջավախքում հայ ընտանիքին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել համագյուղացին

Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել 23-ամյա հայ երիտասարդ, որը ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել: Այս մասին ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Ախալքալաքի ընտրատարածքից ընտրված պատգամավորն ասաց, որ մոտ մեկ ժամ առաջ Ախալքալաքի շրջանի ոստիկանության պետի հաղորդած տվյալների համաձայն` սպանություն կատարողը 1993 թվականին ծնված երիտասարդ է, որը նույն` Վաչիան գյուղի բնակիչ է. «Կասկածանքներ կան, որ երիտասարդը մտել է տուն կամ բռնաբարության, կամ գողության նպատակով: Երբ տան մայրն արթնացել է, երկաթե ամրանով հարվածել է 37-ամյա կնոջ գլխին, այնուհետև դանակահարել է արթնացած ավագ աղջկան: Սպանությունը կատարելուց հետո միացրել է գազը, փակել դռներն ու պատուհանները և գնացել, ինչի հետևանքով էլ մահացել են 5-ամյա որդին ու 16-ամյա աղջիկը»:

Հենզել Մկոյանի խոսքով` սպանության կասկածանքով բերման ենթարկված երիտասարդը հետքերը թաքցնելու համար կոտրել է գողացած հեռախոսներից մեկը, իսկ մեկը հայտնաբերվել է նրա մոտ: Պատգամավորը նաև հայտնեց, որ կասկածյալը երկուամյա երեխա ունի. «Որպեսզի կասկածյալի ընտանիքից վրեժ չլուծեն կամ նման հնարավոր տարբերակները բացառվեն, նրա երեխային ու կնոջը տեղափոխել են Բակուրիանի: Իսկ սպանված ընտանիքի հորը արդեն հայտնել են դեպքի մասին, և նա վերադառնում է Վրաստան»:

Պատգամավորի խոսքով` հայաբնակ գյուղում տեղի ունեցած սպանությունը այդ տարածաշրջանում և ընդհանրապես հայ ընտանիքի ողբերգական պատմություններից մեկն է, իսկ նման դեպք վերջին մի քանի տասնամյակում չէր գրանցվել Վրաստանի ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Ջավախք տարածաշրջանի Վաչիան գյուղում մահացած են գտել նույն ընտանիքի չորս անդամներին: Տեղի բնակիչներից Ռուզաննա Ս.-ն ասաց, որ իրենց իսկ տանը հայտնաբերել են Խաչոտյան Վաղինակի ընտանիքի չորս անդամների` 37-ամյա կնոջը և երեք` 5, 16 և 18-ամյա երեխաների դիերը: Սպանությունը տեղի էր ունեցել դիերը գտնելուց երկու օր առաջ: