21-05-2015 08:05

Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել

Նախօրեին ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում կատարվում է զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երևանից դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, քննիչներ, ոստիկանության քրեագետ-փորձագետներ, օպերատիվ խումբ։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։