09-05-2015 14:31

Նախօրեին 20-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ նոր մանրամասներ են երևան եկել

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ 2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է: Դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կազմվել է քննչական խումբ: Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, Հ.Համբարյանի դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: