Բավ է պառակտվել
15-01-2016 11:42

Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով ևս երկու մեղադրյալ է ներգրավվել

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ևս երկու մեղադրյալ է ներգրավվել: Ինչպես տեղեկացնում են դատական տեղեկատվական համակարգից, մեղադրանք է առաջադրվել Թելման Մխիթարյանին և Խաչիկ Մինասյանին, մասնավորապես այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 կուրսանտական գումարտակի 1 մարտկոցի 3-րդ դասակի 2-րդ ջոկի կուրսանտներ, 2015թ. հունվարի 28-ից 29-ը Թ. Մխիթարյանը ընդգրկված լինելով որպես մարտկոցի հերթապահ, իսկ Խ. Մինասյանը՝ օրապահ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնների նկատմամբ դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք: Սա առաջացրել է ծանր հետևանք, այն է՝ նույն մարտկոցի կուրսանտներ Գ. Թևոսյանի, Ն. Սահակյանի, Վ. Սահակյանի, Մ. Ազարյանի և Հ. Բարսեղյանի միջև տեղի են ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք և սպանվել է Հ. Բարսեղյանը: Նշենք, որ երկու կուրսանտներն էլ նախկինում դատապարտված չեն եղել: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը: Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն: