Բավ է պառակտվել
13-07-2016 11:12

Ավետիսյանների սպանության գործով ընդդեմ Ռուսաստանի գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանների կողմից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հիմքով: Գանգատը հիմնավորվել է նրանով, որ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:

Ըստ աղբյուրի, մասնավորապես, պետությունը չի կանխարգելել Արաքսյա Պողոսյանի և նրա ընտանիքի անդամների կյանքի նկատմամբ ակնհայտ վտանգը կանխարգելելու իր պարտավորությունը՝ հստակ իմանալով, որ Վալերի Պերմյակովը ենթակա չէ զորակոչման, առավել ևս՝ իրավունք չունի զենքով ծառայություն իրականացնելու:

Բացի այդ, ռուսական կողմը պատշաճ կարգով և ժամանակին չի տեղեկացրել հայ իրավապահներին Վալերի Պերմյակովի՝ զորամասը լքելու մասին, ինչը կարող էր կանխել ողբերգությունը:

Ինչ վերաբերում է դատավարական իրավունքի խախտմանը, ապա ռուսական կողմի իրականացրած քննությունը , ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, հասանելի չի եղել տուժողի իրավահաջորդներին, ինչի արդյունքում վերջիններս զրկվել են գործի շրջանակներում իրենց իրավունքներն իրացնելու հնարավորությունից, մասնավորապես՝ միջնորդություններ ներկայացնելու, նախաքննական մարմնի որոշումները բողոքարկելու և այլ հնարավորություններից:

Ինչպես նաև՝ Վ. Պերմյակովի կողմից զորամասը ինքնակամ լքելու մասին ՀՀ իրավապահ մամիններին շուրջ երեք ժամ ուշ տեղեկացնելու մասով որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել:

ՄԻԵԿ 13-րդ հոդվածի իմաստով տուժողի իրավահաջորդների իրավունքների վերականգնման ուղղությամբ ներպետական մեխանիզմներ չկան, քանի որ ռուսական կողմի իրականացրած քննության նյութերին տուժող կողմը հնարավորություն է ունեցել ծանոթանալու վերջնական որոշման կայացման պահից շուրջ երեք ամիս անց միայն, երբ արդեն ՌԴ Քննչական կոմիտեում ավարտվել էին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով բոլոր վարույթները, և Վ. Պերմյակովը դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման: