Բավ է պառակտվել
12-02-2016 17:15

Թուրքիայում հայ զույգի վրա հարձակման մասին նոր տեղեկություններ են հայտնի դարձել

Օրեր առաջ Ստամբուլի Շիշլի թաղամասում հայ տարեց զույգի վրա իրականացված հարձակման շատ մանրամասներ դեռ հայտնի չեն։Մասնավորապես՝ հայտնի չեն 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության հանգամանքները։ Նրա մահվան ճշգրիտ պատճառը պարզ կլինի 1.5 ամիս անց։ Հենց այդ ժամանակ պարզ կլինի նրա դիակի փորձաքննության արդյունքը։ 
«Հարձակումից մեկ օր անց դին դիահերձարանից վերցրի։ Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ մեկ ուրիշը մահվան պատճառը չի հայտնել։ Դատական փորձաքննության արդյունքներից ենք տեղեկանալու, սակայն այն պատրաստ կլինի 1.5 ամսից»,-հայտնել է Դեմիրջիների ազգականը։ 
Հակոբ Դեմիրջիի կինը՝ Սեդա Դեմիրջին, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և ազգականի տանն է։ 
Կողոպուտի և սպանության մասին հայտարարություն է տարածել Տրապիզոնի գլխավոր դատախազությունը։ Դրանում նշված է եղել, որ փետրվարի 9-ին Ստամբուլի դատախազության հրահանգով Տրապիզոնում հատուկ գործողություն է իրականացվել։ Իրավապահները հետևել են Տրապիզոնի նշված հասցեից դուրս եկած երկու անձի ու ձերբակալել։ 
Դրանից հետո նույն տանը ոստիկանները ևս 6 մարդու են ձերբակալել։ Նրանցից 5-ը ՀՀ քաղաքացիներ են։ 
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը նշել է, որ համայնքը պետք է քննարկի հայաստանցիների հարցը, որոնք Թուրքիայում հաճախ գողությունների, մարմնավաճառության, թմրանյութերի շրջանառության նման հանցագործությունների մեջ են ներքաշվում։ 
«Որպես համայնք՝ պետք է հանդիպենք և քննարկենք հարցը»,-ասել է նա։ 
Հիշեցնենք, որ դեպքի մասին առաջինն ահազանգել է նրանց տան աշխատողը, ով գնացել է զույգի տուն, սակայն դուռը բացող չի եղել: Նա դիմել է տարեց զույգի ազգականներին, որոնք էլ զանգահարել են, ու, պատասխան չստանալով, դիմել են ոստիկանություն: Ոստիկաններն ու փրկարարները երրորդ հարկի պատուհանից մտել են տուն ու զույգին գտել են կապկպված բերաններով:  Փրկարարները տեսել են, որ 79-ամյա կինը ողջ է և տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդն արդեն մահացած է եղել: Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ հանցագործության հետ կապ ունեցող 8 անձ է ձերբակալվել. նրանք բոլորը հայեր են։