Բավ է պառակտվել
03-03-2016 12:30

Վարդան Պետրոսյանը և Հակոբյանները հաշտության համաձայնագիր ստորագրել

Դերասան Վարդան Պետրոսյանի եւ նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջեւ այսօր  հաշտության համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին հայտնել է  դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանի խոսքով՝ ըստ համաձայնագրի դերասան Վարդան Պետրոսյանը Հակոբյաններին կփոխհատուցի 2 մլն դրամի փաստաբանական ծախսերը, որից հետո նրանք որեւէ պահանջ չեն կարող ներկայացնել իր պաշտպանյալին: «Հաշտության համաձայնագիրը ստորագրվեց, իսկ թե կողմերն անձնապես հաշտության կգան, թե ոչ, դժվար է ասել: Դա բարոյական կատեգորիա է, երկար ժամանակ կպահանջվի, բայց կարող եմ ասել, որ արդեն որեւէ մեկը շահագրգիռ չէ, որ այդ վեճը շարունակվի»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը: Գործով որոշումը կհրապարակվի մարտի 15-ին: Նշենք, որ դերասանի գույքը եւ դրամական միջոցները կալանքի տակ են վերցվել հենց տուժող կողմի պահանջով։ Մասնավորապես, Հակոբյանները պահանջում են, որ Վարդան Պետրոսյանը փոխատուցի տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը եւ փաստաբան Ռուբեն Բալոյան ծառայությունների դիմաց իրենց վճարած գումարը, որը, ըստ ներկայացված քաղհայցի, կազմում է 3 մլն 400 հազար: Հիշեցնենք, որ երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը 2015թ. սեպտեմբերի 2–ից պատիժը կրում է բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալիս ՔԿՀ–ից եւ մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի: Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք ունի, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16–ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կկրի բաց ռեժիմով: