07-07-2014 20:22

Սեյրան Օհանյանը այցելել է հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասեր ու մարտական հենակետեր

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետևել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և կարգապահ զինծառայողներին: Զորամասերի հրամանատարական կազմին տրվել են համապատասխան ցուցումներ, հանձնարարվել է սեղմ ժամանակահատվածում շտկել արձանագրված բացթողումները:
Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծի օպերատիվ իրավիճակը:
Սեյրան Օհանյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին հանդիպել է նաև մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի գյուղապետերին, նրանց հետ քննարկել սահմագոտու բնակչության խնդիրները: Պաշտպանության նախարարը աջակցություն է ցուցաբերել գյուղապետերի առաջադրած մի շարք խնդիրների: