23-08-2016 10:17

Պիկետ Մոսկվայում ԱԳՆ շենքի մոտ. Պահանջում են փրկել Բաքվում ապօրինաբար ձերբակալված հային

ՌԴ ԱԳՆ շենքի մոտ Ելենա Մակարենկոն պիկետ է անցկացնում ի պաշտպանություն ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանովի (Գալուստյան), որն ապօրինաբար ձերբակալվել է Բաքվում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ, Հայ-ռուսական համագործակցության փորձագետ Դենիս Դվորնիկովը:
Պիկետի դուրս եկած Ելենա Մակարենկոն նույնպես ձերբակալվել էր Բաքվում Ուելդանովի հետ միաժամանակ, սակայն, նրան ազատ արձակեցին 15 օր անց:
«Սա հուսահատության քայլ է իշխանությունների անգործության պատճառով: Ոչ Բաքվում ՌԴ դեսպանությունը, ոչ կենտրոնական ապարատը ոչ մի էական աջակցություն չեն ցուցաբերում Մարատին և նրա մերձավորներին: Հիշեցնեմ, որ Մարատ Ուելդանովը Բաքվում ձերբակալվել է թմրանյութեր տարածելու «կեղծ» մեղադրանքով: Իրական պատճառը նրա հայկական ծագումն է, ինչն անուղղակիորեն հաստատել են նաև ռուսական դեսպանատանը»,-գրել է Դվորնիկովը:
Ռուսաստանի դաշնության քաղաքացի Մարատ Ուելդոնով-Գալուստանը Բաքու ժամանելով հայտնվել է բանտում: Ուելդանովը, որն ավստրիական մի ընկերության աշխատակից է, Բաքու էր ժամանել հունիսին, գործուղման: Նա ձերբակալվել է ադրբեջանական քրեական օրենսգրքի 234 հոդվածով մեղադրանքով՝ թմրանյութ շրջանառելու մեղադրանքով: Ի պատասխան ընտանիքի բողոքներին, ՌԴ դեսպանատունը փաստացի հաստատել է հետապնդման ազգային դրդապատճառը: Դեսպանատանն առաջարկել են ըմբռնումով մոտենալ երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»:
Ըստ ՌԴ ԱԳՆ տարածած փաստաթղթի, ՌԴ քաղաքացի Ուելդանովը մեղադրվում է Ադրբեջանում բավականին տարածված հոդվածով, որը, որպես կանոն, կիրառվում է իշխանությունների կողմից ընդդիմադիրների, երիտասարդ ակտիվիստների և անհաճո անձանց դեմ` թմրանյութերի կամ հոգեմետ միջոցների պատրաստում, արտադրություն, գնում, փոխադրում, փոխանցում կամ վաճառք: