11-09-2015 12:40

Պետք է դիմանալ՝ Մ. Մելքումյանը ԱՄՓ-ի հիմնադիրներին

Ըստ որոշ տեղեկությունների ՀՀ խոշոր հարկատուներից մեկում՝ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ում (ԱՄՓ) մեծածավալ կրճատումներ են գնում և համաձայն լուրերի ընկերությունը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հումք չի տրամադրում վերամշակման համար: Gisher News- ը այսօր այս տեղեկությունների հավաստիությունը փորձեց պարզել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից.
« Ես այս վերջին զարգացումներից տեղեկություն չունեմ, բայց ասեմ, որ շատ լավ ճանաչում եմ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ի սեփականատերերին, որոնք շատ պարկեշտ մարդիկ են: Եթե չեմ սխալվում, Զանգեզուրի կոմբինատը ևս փայատեր է: ԱՄՓ-ն ի տարբերություն այլ ձեռնարկությունների՝ զրոյից ստեղծված ձեռնարկություն է, օրինակ, եթե «Մաքուր երկաթ»-ի գործարանը եղել է խորհրդային տարիներից, ապա սա զրոյից է ստեղծվել: Ճիշտ է, Քաջարանի կոմբինատը պետք է տրամադի խտանյութ, որպեսզի ինքը ցիկլը անցկացնի և ֆեռո մոլիբդեն ստանա: Այդտեղ կա նաև ռենիումի արտադրություն, որը շատ թանկարժեք է: Ես չգիտեմ, թե ինչու Զանգեզուրի կոմբինատը պետք է հանքանյութ չտրամադրի: Եթե անգամ նա չի տրամադրում ԱՄՓ-ին, հավանաբար նա այդ հանքանյութի մեծ մասը տալիս է «Մաքուր երկաթ»-ին, որովհետև «Մաքուր երկաթ»-ը և ԱՄՓ-ն տեխնոլոգիաներով տարբեր են, չնայած որ երկուսն էլ ֆեռո մոլիբդեն են արտադրում: Միգուցե ինքնարժեքը մյուսում ավելի ցա՞ծր է արժենում, այս պահին տեղեկացված չեմ»,- նշեց բանախոսը:
Ի պատասխան Gisher News-ի դիտարկմանը, որ որոշ լուրերի համաձայն ազդեցիկ մարդիկ են ուզում սեփականատերերի ձեռքից վերցնել ԱՄՓ-ն, և դրա համար նպաստավոր պայմաներ են ստեղծում, Մ. Մելքումյանն ասաց՝ «Պետք է դիմանալ, ոնց ենք մենք բոլորս դիմանում»:
Մարինե Բարսեղյան