Բավ է պառակտվել
01-10-2015 10:55

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է (International Day of Older Persons): Այն հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5/106 որոշմամբ: 1991թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասմաբլեան իր 46/91 որոշմամբ ընդունեց Տարեց մարդկանց նկատմամբ ՄԱԿ-ի սկզբունքները: Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվում էր միայն Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Բնակչության ծերացման հիմնախնդիրները լուծելու նպատակով ՄԱԿ-ը 2002 թվականի ապրիլին Մադրիդում գումարեց Ծերացման երկրորդ համաշխարհային վեհաժողովը, որն ընդունեց երկու կարևոր փաստաթուղթ` Քաղաքական հռչակագիրը և Ծերացման մասին Մադրիդի Գործողության միջազգային ծրագիրը: Այսօր Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ համապարփակ հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա մշակել է Ծերացման հիմնախնդիրների լուծման ճանապարհային քարտեզ, իսկ 2012 թվականի օգոստոս ամսին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ոլորտում առաջին համապարփակ ռազմավարական փաստաթուղթը: Տարեց մարդկանց միջազգային օրը ևս մեկ առիթ է ուշադրություն դարձնելու մեր տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի տարեցները ապրեն արժանավայել կյանքով և շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ, իրենց հասարակության լիարժեք անդամ զգան: Մեր ուշադրության, ջերմության և վերաբերմունքի կարիք ունեն հատկապես ծերանոցներում, տուն-ինտերնատներում հանգամանքների բերումով իրենց օրերն անցկացնող տարեցները: (Ներկա դրությամբ հանրապետությունում գործող 8 տուն-ինտերնատներում խնամվում է ավելի քան 1200 կենսաթոշակառու, որից 1090-ը` նախարարության համակարգի տուն-ինտերնատներում:) Միջազգային դասակարգման համաձայն` տարեցներ են համարվում 65 տարին լրացած անձինք: Տարեց մարդկանց մոտավորապես երկու-երրորդը ապրում է զարգացող երկրներում, մինչդեռ նրանք լայնորեն դուրս են թողնվում գլոբալ, տարածաշրջանային և ազգային զարգացման օրակարգերից: