Բավ է պառակտվել
02-08-2016 09:22

Հայաստանում կկառուցվի տարածաշրջանում առաջին երկրաջերմային կայանը

Հայաստանի ընդերքը երկրաջերմային էներգետիկայի զարգացման լայն հնարավորություններ է ընձեռում: Նման փորձ, սակայն, ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանային որևէ այլ երկիր չունի:

Այլընտրանքային այս էներգիայից չօգտվելու պատճառը, դրա համար պահանջվող հետազոտությունների չափազանց թանկ լինելն է: Ինչպես հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, նման ծրագիր ժամանակին քննարկվել է, բայց ոչ մի ներդրող չի համաձայնել իր վրա վերցնել ուսումնասիրությունների համար մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսելու ռիսկը:

Սյունիքի մարզի Քարքար կոչվող տեղանքում, ծովի մակերևույթից 3100 մետր բարձրության վրա կատարվում են հորատման աշխատանքներ: Երկրաբանական ուսումնասիրությունների ֆինանսավորումը ստանձնել է Կլիմայի ներդրումային հիմնադրամը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Հորատման աշխատանքներն իրականացնող «Սիսիան» բարձրավոլտ էլեկտրացանցերի գլխավոր ինժեներ Էրիկ Պողոսյանը հայտնեց, որ աշխատանքները մեկնարկել են հուլիսի 15-ից:

«Նախատեսվում է 1200 գծամետր հորատում իրականացնել, որից հետո ջրի և գոլորշու ջերմաստիճանի չափումները ցույց կտան, թե ինչ արդյունք կստանանք»- ասաց նա` հավելելով, որ արդյունքների մասին վաղ է խոսել, քանի որ 1500 մետրից միայն 15 մետր են հորատել:

«1500 մետրին հասնելով արդեն մեզ համար պարզ կլինի` մեր սպասված ջերմաստիճանի ջուրն ու գոլորշին ունենք, թե ոչ»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ ակնկալվող արդյունքները ստանալու դեպքում քիչ հեռու հորատվելու է նաև երկրորդ հորը, և դարձյալ դրական արդյունքից հետո հաջորդ տարի կատարվելու է արդեն արտադրական նշանակության հորատում:

«Նախնական տվյալներով նախատեսվում է ունենալ մինչև 30 ՄգՎ, տարեկան 250 մլն ԿՎ/Ժամ հզորությամբ կայան, որն աշխատելու է ամբողջ տարին: Սա վերականգնվող էներգետիկայի եզակի աղբյուր է, որը կախված չէ եղանակային կամ այլ պայմաններից և միշտ գործուն է, դրանում է կայանում դրա արժեքավոր լինելը մեր էներգետիկ համակարգի համար»,- ասաց փոխնախարարը:

Իսկ հարցին, թե դրական արդյունքներ ստանալու պարագայում ով է կառուցելու և շահագործելու Հայաստանում առաջին երկրաջերմային կայանքը, Հայկ Հարությունյանը պատասխանեց.

«Հայտարարվելու է միջազգային մրցույթ: Այն ներդրողը, որը լավագույն առաջարկը կներկայացնի պետությանը, նա էլ հաղթող կհամարվի: Իսկ լավագույն առաջարկը վերաբերելու է սակագնին. ով նվազագույն սակագին կառաջարկի, նրան էլ իրավունք կտրվի ջերմակայան կառուցելու»:

Դեպի լեռնային բարձունք հասնելու ու դրանով տեխնիկա տեղափոխելու համար Սյունիքի լեռներում գրունտային ճանապարհ է կառուցվել, որն, ի դեպ, երբեք չի ասֆալտապատվելու: Բանն այն է, որ ծրագրի իրականացման համար 9 մլն դոլար գրանտ տրամադրած Կլիմայի ներդրումային հիմնադրամը նաև բնապահպանական պայման է առաջադրել` չվնասել Սյունիքի բարձրլեռնային, ալպիական բնությունը:

Քարքարից բացի, երկրաջերմային էներգիայի պոտենցիալ աղբյուրներ կան նաև Ջերմաղբյուրում, Գրիձորում ու Հայաստան-Վրաստան սահմանին: Բայց մինչ դրանցում ուսումնասիրություններ չարվեն ու դրական արդյունքներ չստացվեն, դրանք ևս չեն կարող ներկայացվել պոտենցիալ ներդրողներին: