Բավ է պառակտվել
05-03-2015 10:08

Պերմյակովին դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել։ 
«Փորձաքննությունն անցկացվում է ստացիոնար՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, և պետք է ավարտվի մոտ 2 շաբաթ անց»,- նշել է աղբյուրը։ 
Նրա խոսքով՝ փորձագետները պետք է գնահատեն զինծառայողի հոգեկան առողջության վիճակը և հայտնեն ախտորոշումը։  
«Բոլոր խոսակցություններն այն մասին, թե Պերմյակովի մոտ արդեն հայտնաբերվել են հոգեկան շեղումներ, հիմնված են լուրերի վրա։ Փորձաքննության տվյալները դեռ չկան»,- նշել է աղբյուրը։ 
Զրուցակիցը հայտնել է, որ «հետաքննությունը տարվում է երկու երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությամբ»։ 
Նա հերքել է ԶԼՄ-ների ենթադրություններն այն մասին, թե ռուսական կողմը չի ցանկանում օպերատիվորեն հետաքննել Պերմյակովի գործը և հասցնել այն մինչև դատարան։ 
«Չկա ոչ մի քաշքշուկ հետաքննության ընթացքում։ Բոլոր քննչական գործողություններն անցկացվում են ժամանակին»,- նշել է աղբյուրը։