Բավ է պառակտվել
09-04-2015 09:52

Պերմյակովին կրկնակի ցմահ ազատազրկում է սպառնում

Երեկ դատարանը երկարաձգել է Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրականացրած՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը: Վարույթի ընթացքում պարզվել է, որ Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն խստացրել և կոնկրետացրել է նրան ավելի վաղ առաջադրված մեղադրանքները: Դրա միայն երկու կետով Պերմյակովին ցմահ ազատազրկում է սպառնում: 5-րդ կայազորային ռազմական դատարանի արտագնա նիստը տեղի է ունեցել Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, որտեղ ծառայել է Պերմյակովը: Արտագնա նիստի անցկացման հարցում պնդել է հետաքննությունը, որը մտավախություն ունի, որ Պերմյակովին Երևան (որտեղ դատարանն է) տեղափոխելու ժամանակ նրա զոհերի հարազատները կարող են փորձել հաշվեհարդար տեսնել նրանից: Դատական նիստի արդյունքում դատարանը, բավարարելով հետաքննության միջնորդությունը, երկարաձգել է Պերմյակովի խափանման միջոցը: Միաժամանակ, հետաքննությունը խստացրել և կոնկրետացրել է Պերմյակովին առաջադրված մեղադրանքը: Սկզբում ռազմական հետաքննությունը նրան մեղադրել է Ռուսաստանի ՔՕ 2-րդ մասի 105-րդ հոդվածի «ա» կետով և 2-րդ մասի 338-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար (2 և ավելի անձանց սպանություն, ինչպես նաև դասալքություն իրեն վստահված զենքով): Հիմա 105-րդ հոդվածին հետաքննությունն ավելացրել է հանցագործին հայտնի անօգնական վիճակում գտնվող անչափահասի կամ այլ անձի սպանություն: Պերմայկովին նաև զենքի անօրինական շրջանառության և դրա գողության մեղադրանք է առաջադրվել (Ռուսաստանի ՔՕ մաս 1, հոդված 222 և մաս 3, հոդված 226): Միաժամանակ պետք է նշել, որ 105-րդ հոդվածի երկու կետերն էլ ցմահ ազատազրկում են ենթադրում: Բացի դրանից՝ մեղադրանքի նոր տարբերակի կառուցվածքում հայտնվել է Ռուսաստանի ՔՕ 33-րդ հոդվածը (հանցակցություն), որի համաձայն՝ զինծառայողն Ավետիսյանների ընտանիքի անմիջական սպանողն է: Ըստ ամենայնի, մեղադրանքի վերաորակավորումը հնարավոր է դարձել դատակենսաբանական փորձաքննության ավարտից հետո: Ուսումնասիրելով մարդասպանի թողած կոշիկի, համազգեստի գլխարկի և մնացած իրերի վրայի կենսաբանական հետքերը՝ փորձագետները եզրակացրել են, որ դրանք համապատասանում են Պերմյակովի արյան խմբին: Տուժածների տանն այլ անձանց ներկայության հետքեր չեն հայտնաբերվել: