Բավ է պառակտվել
12-08-2015 12:22

Ըստ Պերմյակովի ցուցմունքի՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տևել է 15 րոպե

Այսօր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում, ռուսական կայազորային դատարանում ընթացող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության գործով դատական նիստում զինծառայողը ընդունեց մեղադրանքը և հրաժարվեց ցուցմունքներ տալ: Այդ պատճառով մեղադրող դատախազը ընթերցեց նախաքննության փուլում տված մեղադրյալի ցուցմունքները: Ըստ այդմ, Պերմյակովն ասել է, որ ոճրագործության օրը` հունվարի 12-ին, ռազմաբազայի տարածքը լքել է գիշերը ժամը 2-ի սահմաններում, իսկ զորամասից հեռացել է, քանի որ կարոտել է հարազատներին և ցանկություն է ունեցել Թուրքիայի միջով հասնել Ռուսաստան: Ինչ վերաբերում է Ավետիսյաններին, ապա նրանց տուն Պերմյակովը, ինչպես ինքը նշել է իր նախաքննական ցուցմունքում, մտել է փող և թանկարժեք իրեր գողանալու մտադրությամբ: Բայց հանցանքը կատարելուց հետո վերցրել է ընդամենը 5000 դրամ ու բջջային հեռախոսներ, բայց տնից դուրս գալուց հետո հեռախոսներից հանել ու շպրտել է հեռախոսային քարտերը: Ավետիսյանների տանը սպանությունը, ըստ նրա ցուցմունքի, տևել է շուրջ 15 րոպե: Դատարանում հարցաքննվել են գործով վկաներ հանդիսացող զինվորականներ: Ի դեպ, դատարանում ցուցմունքների հրապարակման ժամանակ մեղադրողը պարբերաբար ընդհատում էր ընթերցումը և Պերմյակովին հարցնում, թե իսկապես այդպես է ասել հարցաքննության ժամանակ, ինչին ամբաստանյալը գլխով դրական շարժումով էր արձագանքում: Սպասվում է, որ այսօր այս գործով վճիռ կկայացվի: