29-01-2015 15:13

Ավետիսյանների տուն մտնելիս Պերմյակովն ուշաթափվել է

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ:
Վ. Պերմյակովի ինքնազգացողությունը վատացել է, և նրան հոսպիտալ տեղափոխելուց հետո տարբեր ստուգումների են ենթարկել: Ըստ նույն տեղեկությունների՝ Պերմյակովը ծեծված է եղել, ինչի հետևանքով էլ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և ստիպված են եղել նրան հոսպիտալ տեղափոխել: Ստուգումներից հետո նրան անմիջապես տեղափոխել են հետ՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ հոսպիտալում աշխատում են նաև հայ բժիշկներ, որոնցից շատերը հրաժարվել են Պերմյակովի առողջական խնդիրներով զբաղվել: Ի դեպ, բժիշկներն ընդհանուր ստուգել են նաև՝ ոճրագործության մեջ մեղադրվող երիտասարդը որևէ առողջական խնդիր ունի, թե՝ ոչ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մի քանի օր շարունակ Վ. Պերմյակովին տարել են դեպքի վայր՝ Ավետիսյանների տուն: Սովորաբար, նրան դեպքի վայր են տեղափոխել գիշերով: Գիշերը տեղափոխելու նպատակն, իհարկե, ոչ միայն անվտանգության նկատառումներն են, այլև այն, որ դեպքը տեղի է ունեցել ուշ ժամի, ուստի՝ հարկավոր է պարզել Պերմյակովի՝ բնակարան մուտք գործելու և հետագա քայլերն անելու հանգամանքները: Վերջին անգամ, սակայն մեղադրյալին տարել են ցերեկը: Այս անգամ նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա ուշաթափվել է: