Բավ է պառակտվել
15-04-2016 16:18

Պերմյակովը պատմել է Ավետիսյանների սպանության մասին

Վալերի Պերմյակովի՝ ռուսական կողմի իրականացրած հարցաքննությանը ծանոթանալուց հետո դատարանն անցել է հայկական կողմի հարցաքննությունների արձանագրությունների ուսումնասիրությանը: 2015թ. հունվարի 21-ի հարցաքննությանը նա նորից խոսել է զորամասը ինքնակամ լքելու դրդապատճառներից՝ նշելով, որ կարոտել էր իր տունը: Ավետիսյանների տուն ներթափանցելու եւ դրան հաջորդած դեպքերի նկարագրությունը համընկնում է նախորդ ցուցմունքների հետ: Պերմյակովի խոսքով՝ ինքը պլանավորում էր տուն հասնել Թուրքիայով: Գումար էր հավաքելու կողոպուտի միջոցով: Նախկինի պես պնդում է, որ Ավետիսյանների տուն է մտել պատահաբար: Մտել է, որովհետեւ դարպասը բաց է եղել: Իր իսկ խոսքով՝ հայ-թուրքական սահմանին նույնպես պատահաբար է հայտնվել: Նախքան Ավետիսյանների տուն մտնելը, Վալերի Պերմյակովը մոտ 2 ժամ պտտվել է քաղաքով: Հարցին, թե ինչու է սպանել, պատասխանել է. «Չգիտեմ, այդպես ստացվեց»: Սակայն հարցին, թե ուզում էր սպանել նրանց, թե ոչ, բացասական պատասխան է տվել: Նրա խոսքով՝ նորածնին սպանել է, որովհետեւ լացում էր: Պերմյակովը պատմել է, որ երկու հոգու՝ տղամարդուն եւ կնոջը, սպանել է անկողնում: Երկրորդ տղամարդը փորձել է սենյակից դուրս գալ: Կնոջն ու երեխային նույնպես անկողնում է սպանել: Փոքրիկ աղջկան սպանել է մահճակալի մեջ: Ավետիսյանների տուն մտնելուց առաջ փորձել է մտնել ուրիշ տներ, որպեսզի գումար եւ հագուստ վերցնի: Նրա խոսքով՝ ինքն է ցանկացել ծառայել Հայաստանում, քանի որ, Չիտայի հետ համեմատած, կլիման ավելի մեղմ է: Հարցին, թե այլ նպատակներ չի՞ ունեցել, բացասական պատասխան է տվել: Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ նախքան բանակ զորակոչվելը բազմիցս բերման է ենթարկվել ոստիկանություն, մի քանի անգամ թմրանյութ է օգտագործել: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015թ. հունվարի 12-ին ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն եւ սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ կրտսեր Հասմիկ Ավետիսյանին: Հետո սվին դանակով 5 հարված էր հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին: Երեխան 7 օր անց մահացել էր հիվանդանոցում: