Բավ է պառակտվել
16-10-2015 15:55

Ես չեմ արել, իմ միջի մարդն է արել. Պերմյակով

Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը բազմիցս բուժում է ստացել հոգեբուժական բաժամունքներում: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝ ներկայացնելով դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը:

«Ես կոմպլեքս կանդրադառնամ դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությանը, քանի որ հայկական կողմն էլ նկարագրել է այն, ինչ նկարագրվել է ռուսական կողմում՝ հղումներ կատարելով համապատասխան փաստաթղթերին: Մասնավորապես, այս եզրակացություններից ակնհայտ է դառնում, որ ժամանակին Պերմյակովը բազմիցս գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, պառկել է հոգեբուժական բաժանմունքներում բանակ զորակոչվելուց հետո եւս: Դրանից առաջ էլ լուրջ կասկածներ են եղել նրա վարքի հետ կապված, և երբ նա արդեն զորակոչվել է բանակ, իրեն դրսևորել է այնպես, որ շատ տարօրինակ վարք է ունեցել: Այսպես, նա աթոռով հարվածել է սպաներից մեկին, քանի որ իր խոսքով՝ նա խանգարել է իրեն և աթոռը քաշել է իր տակից: Նաև սուիցիդալ որոշակի հատկանիշներ են նրա մոտ դրսևորվել: Ագրեսիա է նրա մոտ նկատվել, նաև տարօրինակ վարք: Պերմյակովի համածառայակիցները նշում են, որ առնվազն 2-3 օր շատ տխուր է եղել, անընդհատ լացել է, և երբ նրան հարցրել են, թե ինչումն է խնդիրը, նա ասել է, որ մայրը մահացել է: Եվ երեք օր լացելուց հետո, ըստ ծառայակիցների, նա մի կերպ հանդարտվել է, սակայն մենք գիտենք, որ նրա մայրը կենդանի է»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ Պերմյակովը փորձել է «крутой» տղայի տպավորություն թողնել իր համածառայակիցների վրա: Փաստաբանի խոսքով՝ Պերմյակովը նաեւ «Համադասարանցիներ» սոցիալական կայքով նամակագրություններ է ունեցել իր ընկերների հետ և նշել, որ ինքն այստեղ մասնակցում է ինչ-որ հակամարտության, և յուրաքանչյուր գիշեր իրենք 40 հազարական կրակոց են արձակում: Ըստ Լուսինե Սահակյանի, այսպիսի բազմաթիվ փաստեր կան, որոնք խոսում են այն մասին, որ Վալերի Պերմյակովը խնդիրներ ունի. «Այդ ընթացքում հոգեբույժները հստակ նշել են, որ արգելվում է, որպեսզի նա զենքով ծառայություն չիրականացնի, և սա փաստաթղթավորված է: Սակայն, ինչպես մենք գիտենք, նույնիսկ այն բանից հետո, երբ հատուկ ցուցում է եղել, որ նա չի կարող զենքով ծառայություն իրականացնել, զենքը հայտնվել է նրա ձեռքում, և նա ծառայության եղել է զենքով, ոչ թե այդ զենքը հափշտակել է և նոր լքել ծառայության վայրը»: Տուժողի կողմի իրավահաջորդների միջնորդությամբ անցկացրած փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վալերի Պերմյակովն ինֆանտիլ անձ է, բնավորության պսիխոպաթոնման գծերով և հուզական էմոցիոնալ թերհասությամբ, սակայն փորձագետները գտել են, որ նա մեղսունակ է: «Փորձագետները եզրակացրել են, որ Վալերի Պերմյակովին հատուկ են իմպուլսիվություն, կամակորություն, եսակենտրոնություն, իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողականություն՝ տագնապային համակցումով, պրիմիտիվություն և ֆանտազյորություն, նաև հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն՝ դյուրագրգռվածության համակցումով»,- ասաց Լուսինե Սահակյանը: Նա հայտնեց նաեւ, որ ձերբակալվելուց հետո Պերմյակովի մոտ հայտնաբերել են նոթատետր, որում եղել է նամակ՝ ուղղված ծնողներին: «Այնտեղ նա նշում է, որ այն, ինչ կատարվել է, ինքը չի արել, դա արել է իր միջի մարդը: Նաև այնտեղ ինքը մանրամասն նկարագրում է, թե ինքն ինչ իրավիճակում է գտնվում հանցագործությունը կատարելիս։ Նա ասում է, որ մեկ վայրկյանում իր սիրտը 1000 զարկ էր կատարում և այլն»,- ասաց Լուսինե Սահակյանը: