01-07-2015 14:11

Առանց Պերմյակովին հայկական կողմին հանձնելու արդարադատություն հնարավոր չի լինի.պատգամավոր

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող` ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին եթե ռուսական կողմը չհանձնի ՀՀ արդարադատությանը, ապա որևէ արժեք չունի հայտարարությունը, թե գործը հանձնում են հայկական կողմին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ընդգծելով, որ հայտարարություն է եղել փաստաթղթերը հանձնելու մասին, բայց առանց մեղադրյալի հնարավոր չէ արդարադատություն իրականացնել։

«Սա միտումնավոր արված հայտարարություն էր, որի նպատակն էր մոլորեցնել հանրությանը։ Հայտարարությունից դատելով՝ կարող եմ ասել, որ սա միտում էր շեղելու հանրության տրամադրությունը Բաղրամյան պողոտայում կատարվող ողջ գործընթացից»,-ասաց նա։ 
Պատգամավորն ընդգծեց, որ այս պահի դրությամբ կոպտորեն խախտված է ՀՀ սահմանադրությունը, քանի որ ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը գտնվում է ՌԴ տարածքում։ 
«Խախտումները վերացնելու համար ՀՀ իրավապահ մարմինները իրենց իրավասությունների շրջանակում պետք է ձերբակալեն Պերմյակովին և բերեն ՀՀ քրեակատարողական հիմնարկ, որովհետև նրա՝ այս պահին ռուսական ռազմաբազայում գտնվելը ապօրինի է»,-ասաց նա։