10-06-2016 12:52

Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի կնոջը վերադարձրել են հայրենիք

Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի կնոջը վերադարձրել են հայրենիք: Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը նշեց, որ կնոջը ադրբեջանական կողմին են հանձնել հունիսի 10-ին՝ ժամը 13-ին հայ-ադրբեջանական սահմանին: Հանձնումը կայացել է ԿԽՄԿ միջնորդությամբ:

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ կինը հոգեկան խանգարումներով է տառապում: Գաթիբա Ալեքբերովան ծնվել է 1977-ին, մեծացել ընտանիքում, որտեղ նրանից բացի, 9 երեխա է եղել: Նա 4 օր առաջ դուրս էր եկել տնից եւ անհետացել: Նշվում է, որ կինը Գեդաբեյի շրջանի Չիչյաքլի գյուղի բնակիչ է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների պետական հանձնաժողովից ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի կինը հոգեբուժական հիվանդանոցում հաշվառման է վերցված: Կինը հաշվառման է վերցված Ղազախի շրջանի հոգեբուժական դիսպանսերում: Պարզվել էր նաեւ, որ նա Գեդաբեյի շրջանի Արաբաչի գյուղի բնակչուհի Գաթիբա Իբրահիմքըզը Ալեքբերովան է՝ ծնված 1977թ.:

Նշենք, որ հունիսի 7-ին հայկական կողմում հայտնված կինը ներկայացել էր որպես Թովուզի շրջանի Յանըխլը գյուղի բնակչուհի, 1977 թվականին ծնված Զոհրա Վալիեւա: