Բավ է պառակտվել
31-12-2014 19:04

Ամանորից առաջ Սերժ Սարգսյանն այցելել է սահամանային տեղամասերից մեկը

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հարավ-արեւմտյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների եւ հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում եւ ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաեւ զինվորների կենցաղային պայմաններին: Հանրապետության նախագահը ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ եւ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների եւ զինվորների հանձնել է նվերներ:

Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինվորների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար. «Մեզնից յուրաքանչյուրին Աստված կամ ճակատագիրը հատկացնում է մի ժամանակահատված, որտեղ կարեւորն ինքն է, որտեղ պատասխանատուն ինքն է՝ եւ՛ հայրենյաց հողի պաշտպանն է ինքը, եւ՛ երկրի կայունության պատասխանատուն է ինքը, բարեկեցության պատասխանատուն է ինքը: Այսօր այստեղ նստածներով, մեր ողջ զինված ուժերով պատասխանատուն մենք ենք: Այստեղ նստած քյավառցի տղայից սկսած վերջացրած գեներալներով պատասխանատուն մենք ենք եւ՛ Ղարաբաղի համար, եւ՛ Գյումրիի համար, եւ՛ Լոռու համար, եւ՛ Արարատի համար, մեր հայրենի հողի համար: Բոլորիդ ուժ, կորով, կարողություն, որպեսզի այս պատասխանատու խնդիրը մեզ հատկացված ժամկետում մենք կատարենք պատվով»,-ասել է ՀՀ նախագահը: