Բավ է պառակտվել
16-07-2014 14:44

Պայքար՝ կարմիր գծերի և վարորդների գումարների համար

Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հուլիսի 17-ին սկսում է խախտումների համար վարորդների ստացած տուգանքների բողոքարկումը: Այս մասին այսօր՝ լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

Նա նշեց, որ իրենք անցնում են պայքարի հաջորդ փուլ, կոչ են անում բոլոր քաղաքացիներին տուգանքների կտրոնները տանել իրենց գրասենյակ:

՛՛Մենք դրանք ամբողջը կբողոքարկենք՛՛,-ասաց Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ բողոքարկամ համար արդեն իրավաբանների խումբ է ձեւավորվել, իսկ բողոքներն իրենք կընդունեն վաղը առավոտվանից իրենց գրասենյակում: արդան Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ այս իրենք մի քանի նման հայցերով դիմել են դատարան, իրենց բողոքները բավարարվել են:

՛՛Մենք վարորդներին ուզում ենք ասել՝ մի մուծեք այդ տուգանքները ոչ միայն նրա համար, որ այդ 5000 դրամը ձեզ պետք կգա: Դատարանում ակտը բողոքարկելը պայքարի շատ կարեւոր ձեւ է: Մենք պատրաստվում ենք վարչական դատարանը ողողել ակտեր բողոքարկելով: Պատկերացրեք՝ օրական 4000 խախտում է արձանագրվում: Ի՞նչ կլինի դատարանի վիճակը, եթե օրական գոնե դրանց չնչին մասը բողոքարկվի՛՛,- ասաց Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ եթե անգամ ոչ բոլոր բողոքները բավարարվեն, այնուամենայնիվ, վարորդները հնարավորություն կունենան մի քանի ամսով հետաձգել տուգանքի մուծումը:

Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը տեղեկացրեց, որ վարորդներն իրենց կարող են դիմել 095 95 62 30 հեռախոսահամարով: Նա նաեւ նշեց, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարմիր գծանշանների առկայության սահմանադրականությունը ուսումնասիրելու խնդրանքով:

՛՛Մենք համագործակցում ենք ՄԻՊ-ի հետ, դիմում ենք տվել իրենց, իրենք վերանայում են՝ արդյոք կարմիր գծերի գոյությունը չի հակասում Սահմանադրությանը: Հետո դա կներկայացնենք Սահմանադրական դատարան: Բացի այդ՝ ՄԻՊ-ն արդեն դիմել է Սահմանադրական դատարան` կապված քաղաքացիների բանկային հաշիվների, գույքի վրա ԴԱՀԿ-ի կողմից դրված կալանքների հետ՛՛,-ասաց Արմեն Եփրեմյանը:
Նշենք, որ իրենց այս նախաձեռնության մասին քաղաքացիներին իրազեկելու համար նախաձեռնությունը հուլիսի 17-ին վեցերորդ ավտոերթը կանցկացնի՝ «Չենք մուծում, բողոքարկում ենք բոլոր ակտերը» կարգախոսով: