Բավ է պառակտվել
31-07-2016 16:27

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը կալանավորվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը կալանավորվեց երկու ամսով, հայտնում է Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը։

«Դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանք կիրառեց», ասել է Ինեսա Պետրոսյանը, ավելացնելով, որ
Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Պավլիկ Մանուկյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Մանուկյանին դատարան էին բերել «Էրեբունի» հիվանդանոցից, պատգարակով:

Ավելի վաղ Պավել Մանուկյանը պահանջել էր, որ միջնորդության քննության ժամանակ ինքն անպայման ներկա լինի:

Դատարանի որոշումը բողոքարկելու վերաբերյալ առայժմ տեղեկություն չի հաղորդվում։

Պ. Մանուկյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։