16-01-2014 15:50

Պարզվել է, թե Գյումրիում մարդիկ ինչ հիվանդությամբ են վարակվել

Արդեն մի քանի օր է, ինչ Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանում բնակաիչները տառապում են ինչ-որ տարօրինակ մաշկային հիվանդությամբ: Հատկապես երեխաների մաշկի վրա առաջացել են կապտակարմրավուն թարախային վերքեր, ինչը փոխանցվում է մյուսներին:

Այսօր, ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հիվանդների վիճակն ուսումնասիրելու նպատակով ` Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։ Տեղի մասնագետների հետ կազմակերպվել և իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) ախտորոշումը և նշանակվել է բուժում:

Պիոդերմիան (մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ) մաշկային հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերն են: Հատկապես վտանգավոր են երեխաների մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները, որոնց մաշկը և ամբողջ օրգանիզմը զգայուն են ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ: Առողջ մարդկանց մաշկային ծածկույթների վրա գրեթե միշտ կարելի է հայտնաբերել ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկեր: Որոշակի պայմաններում դրանք դառնում են ախտածին` առաջացնելով թարախաբշտիկային հիվանդություններ:

Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների առաջացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ, օրինակ` ժամանակին չմշակված քերծվածքները, կտրած վերքերը, մաշկի մշտական կեղտոտումը, օրգանիզմի գերսառեցումը և գերտաքացումը, վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները, հյուծող քրոնիական հիվանդությունները, անձնական հիգիենայի կանոնների խախտումը և այլն: Այս հիվանդությունների խումբը չի կարող ունենալ զանգվածային տարածում և վարակը կարող է առաջանալ վերոհիշյալ գործոնների առկայության պայմաններում:

Հիվանդների առողջական վիճակի հսկողությունը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության ներքո: