Բավ է պառակտվել
19-07-2014 12:50

Պատերազմի վտանգ միշտ էլ եղել է. Լ. Ալեքսանյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, թե Ադրբեջանը սահմանին լարվածություն է ստեղծում, որպեսզի ճնշում գործադրի Արևմուտքի վրա:

«Պատերազմի վտանգը միշտ էլ եղել է ու կա, բայց Ադրբեջանը չի ցանկանում պատերազմ, քանի որ գիտի, որ մեծ կորուստներ կունենա»,– ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը մեսիջ է ուղարկում արևմտյան ուժերին, թե պատրաստ է պատերազմի, պարզապես չի սկսում այն, որովհետև կխախտի միջազգային օրենքներ:
Ըստ ասուլիսի մյուս բանախոս «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի՝ այն ինչ տեղի է ունենում սահմանին, խոսում է ձախողված արտաքին քաղաքականության մասին, ինչն էլ արդյունք է ներքին ձախողված քաղաքականության:
Նա նշեց, թե մտահոգիչ է այն, որ Հայաստանը, թեև ՀԱՊԿ անդամ է, իրեն հռչակել է որպես Ռուսաստանի դաշնակից, բայց վերջինս, հաշվի չառնելով լարված վիճակը, ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին:
«Ասում են, թե բիզնես շահեր են, բայց արդեն Սերժ Սարգսյանն է խոսում այն մասին, որ ժողովուրդը մտահոգված է: Բայց այդ մտահոգությունը առաջին հեթին ներկայիս ՀՀ-ի վիճակին է վերաբերում: Այս պարագայում այլևս բան չի մնում, քան աշնանը պայքարել ու հասնել իշխանափոխության»,- ասաց նա և նշեց, որ շնորհիվ նաև լրատվամիջոցների ադրբեջանցիներին հաջողվում է խուճապ առաջացնել և այդպիսով հաղթանակ տանել տեղեկատվական պատերազմում: