10-03-2014 15:39

«Մեր դատարանները հայտնվել են նոտարի կարգավիճակում».փաստաբան

Շանթ Հարությունյանի գործով կալանավորված լրագրող Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ իր պաշտապանյալի նախաքննության ընթացքում ընդամենը մեկ գործողություն է կատարվել՝ ոստիկանի հետ առերեսում, ընդ որում այն ոստիկանի հետ, որին Տիգրան Պետրոսյանը հրել է՝ վերջինիս կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը կանխելու նպատակով: «Ոստիկանի ցուցմունքները հակասում են տեսագրությանը, ամեն անգամ նա նոր բան է ասում և սխալ է բնութագրում Տիգրան Պետրոսյանին: Եվ չնայած միջադեպը տեղի է ունեցել մի քանի վայրկյան, քննությունը արդեն 4 ամիս է շարունակվում է. «Փորձը ցույց է տալիս՝ մեր դատարանները, ցավո՜ք սրտի, հայտնվել են նոտարի կարգավիճակում. քննիչը ինչ ներկայացրեց, կուրորեն դա բավարարում են իրենց որոշումներով»: Փաստաբանի համոզմամբ այս ամեն ինչի տակ քաղաքական կոնտեքստ կա: «Տիգրան Պետրոսյանը, բնութագրվելով դրականորեն, լինելով լրագրող, խնամքին ունենալով երկրորդ կարգի հաշմանդամ հայր, ով ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվելու, դատարանները պետք է այս հանգամանքները հաշվի առնեն»: Անրադառնալով առաջիկա անելիքներին, Արա Զաքարյանը հայտարարեց, որ նախատեսում է վիճարկել կալանքի սանկցիան, և եթե դատարանները որոշումը թողնեն անփոփոխ, պատրաստ է դիմել Եվրոպական դատարան: «Առերեսումը ավարտելուց հետո պատրաստվում եմ մի շարք միջնորդություններ ներկայացնել դատարան: Բարձրացնելու եմ ոստիկանին փորձաքննության հարցը, որպեսզի պարզ լինի, թե նա արդյո՞ք ունակ է ճիշտ ընկալելու և վերարտադրելու այն ամենը, ինչը որ տեղի է ունեցել դեպքի ժամանակ»,-նշեց բանախոսը:
Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի և նրա համախոհների հետ մասնակցել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերին և կալանավորվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասի մեղադրանքով: