Բավ է պառակտվել
10-07-2015 12:38

Որքան շատ են տուգանում վարորդներին, այնքան շատ են խախտում. Փաշինյան

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արագաչափ եւ տեսանկարահանող սարքերին՝ նշելով, որ երթեւեկության կանոնների խախտումները կանխարգելելու պետության ընթացիկ քաղաքականությունը անարդյունավետ է:

Նա այս առնչությամբ Facbook-ի իր էջում գրել է.

«2012 թվականից մինչեւ օրս ՀՀ յուրաքանչյուր վարորդ արագաչափերի եւ տեսախցիկների տվյալների հիման վրա կազմված արձանագրություններով վճարել է միջինը 70 հազար դրամ: Հայաստանում չկա ոչ մի վարորդ, որ արագաչափերի եւ տեսախցիկների կողմից չի տուգանվել՝ առնվազն մի քանի անգամ (միջինը յոթ անգամ): Բոլոր նրանք, ովքեր նորմալ են համարում այս թվաբանությունը նշանակում է, պիտի ընդունեն, որ Հայաստանում բնականոն երթեւեկություն չկա եւ մեր ճանապարհներին տիրում է համատարած քաոս: Սա էլ նշանակում է՝ երթեւեկության կազմակերպման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության, որովհետեւ՝

– կամ վարորդական իրավունք են տվել մարդկանց, որ պիտի չտային,

-կամ երթեւեկությունը կազմակերպում են այնպես, որ հնարավոր չլինի կարգապահությունը,

-կամ էլ ոստիկանությունն առաջնորդվում է վարորդների «գրպանը պլան գցելու եւ բռնելու» տրամաբանությամբ:

Ի դեպ, արագաչափերի պատժողական քաղաքականության արդյունքում խախտումների քանակը տարեցտարի ավելանում է, ընդ որում՝ երկրաչափական պրոգրեսիայով: Ստացվում է՝ որքան շատ են տուգանում, այնքան շատ են խախտում: Սա նշանակում է, որ երթեւեկության կանոնների խախտումները կանխարգելելու պետության ընթացիկ քաղաքականությունը անարդյունավետ է: Կամ էլ՝ վարվող քաղաքականության միակ նպատակը մարդկանց հարստահարելն է: Արագաչափերն ու տեսախցիկները սպասարկող «Սիքյուրիտի դրիմ» ընկերությունը 2012 թվականից մինչ օրս տուգանքների դիմաց գանձված գումարներից ստացել է 10-12 միլիարդ դրամ: