Բավ է պառակտվել
18-11-2015 13:05

Փոփոխություններ՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ընթացակարգում

ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստում այսօր 97 կողմ, 3 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Մինչ քվեարկությունը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու, քանի որ այս նախագծի հետ կապված ոչ դրական դիրքորոշում ունի: «Նախագծով առաջարկվում է ընդդիմության պատգամավորներին 3 արտահերթ հարց տալու փոխարեն տալ 2 հարց: Մենք առաջարկեցին նախագծի քվեարկությունը հետաձգել և լավ կլիներ, որ նախագծի հեղինակը ներկա լիներ քվեարկությանը և պատասխաներ մեր հարցերին»,- նշեց Հ.Մարգարյանը: 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ թեև նախագծի հետ կապված կան որոշակի խնդիրներ, սակայն կողմ են քվեարկում, իսկ մյուս ընթերցումների ժամանակ կներկայացնեն առաջարկներ:
Նախագծով առաջարկվում է սահմանափակել ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ գրավոր հարցերի քանակը, ինչպես նաև կրճատել հարց հնչեցնելու և դրան պատասխանելու համար նախատեսված ժամանակը: Գործող կարգով կառավարության հետ հարց ու պատասխանի սկզբում հնչում են գրավոր հարցերը, որից հետո պատգամավորները գրանցվում են կառավարության բանավոր հարցերով դիմելու համար: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սկզբում կհնչի երկու գրավոր հարց, որից հետո հնչելու են բանավոր հարցերը: Գործող կարգով պատգամավորները հարց հնչեցնելու համար ունեն երեք րոպե ժամանակ, նույնքան ժամանակ ունեն կառավարության անդամները՝ հարցին պատասխանելու համար: Նախագծով առաջարկվում է կրճատել այդ ժամանակը՝ դարձնելով երկու րոպե: