19-11-2014 10:52

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հղիության նպաստների մասին օրինագիծը

Այսօր ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագիծը՝ 67 «կողմ, 7 «դեմ» եւ 25 «ձեռնպահ» ձայներով: Օրինագծով նախատեսվում է հանել հղիության նպաստների սահմանափակումները՝ կապված ապագա մայրերի աշխատանքային փորձի հետ:
Բացի այդ, սահմանվում է տրամադրվող միջոցների նվազագույն և առավելագույն շեմ: Նպաստի նվազագույն չափը կհատկացվի չաշխատող կանանց և կկազմի 138 հազար դրամ: Այս նպաստները կտրամադրվեն 2016թ. հունվարից: Առավելագույն շեմը 4,6 մլն դրամ է, այսինքն՝ 1 միլիոնից ավելի աշխատավարձով կանանց հղիության արձակուրդը պետությունը մասնակի կվարձատրի, մնացած մասը կտրամադրեն գործատուները՝ կամավոր հիմունքով:
Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է նաեւ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: «Կողմ» է քվեարկել 95 պատգամավոր, ձեռնպահ մնացել՝ 5-ը, «դեմ»՝ ոչ ոք: Ըստ օրինագծի՝ հաջորդ տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կավելանա 10%-ով եւ կկազմի 55 հազար դրամ (շուրջ 135 դոլար): Բացի դրանից, առաջարկվում է վերանայել ժամավճարը եւ գործարքային վճարումները: