Բավ է պառակտվել
03-10-2014 09:24

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Փարիզի Խորհուրդը բանաձեւ է ընդունել

Փարիզի քաղաքային խորհրդում հոկտեմբերի 1-ին միաձայն ընդունվել է 2015 թվականին Փարիզում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ անցկացնելու մասին Փարիզի քաղաքապետարանի ուղերձը: Հայաստանի Հանրապետության և Փարիզի քաղաքապետարանի, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի «2015 Հանձնախմբի» համատեղ աշխատանքների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն արտացոլող ուղերձը քաղաքային խորհրդի քննարկմանը ներկայացրեցին հիշատակի հարցերով քաղաքապետի տեղակալ Կատրին Վյո-Շարիեն եւ միջազգային կապերի գծով քաղաքապետի տեղակալ Պատրիկ Կլյուգմանը:
Nouvelles d'Armenie-ի փոխանցմամբ, ուղերձում մասնավորապես ասվում է.
Հաշվի առնելով 2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիայի կողմից 1915թ. Ցեղասպանության հրապարակային ճանաչումը,
Հաշվի առնելով Փարիզ քաղաքի հանձնառությունն ցեղասպանությունների հիշատակման գործում,
Հաշվի առնելով, որ չնայած պատմական ապացույցներին, հայերի՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտողականությունը առ այսօր շարունակվում է, եւ այդ ժխտողականությունը իրենից ներկայացնում է զոհերի հիշատակին եւ նրանց սերունդների արժանապատվությանն ուղղված վիրավորանք,
Հաշվի առնելով Փարիզի հայ համայնքի ներդրումը քաղաքի զարգացման, մշակույթի և հանրահռչակման գործում,
Հաշվի առնելով Փարիզ և Երեւան քաղաքների միջև 1998թ. նոյեմբերի 10-ին ստորագրված համագործակցության համաձայնագիրը և դրա 2011թ. լրացումները,
Փարիզ քաղաքը, Հայաստանի Հանրապետության, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի «2015 Հանձնախմբի» և Փարիզի հայկական կազմակերպությունների հետ համատեղ, կնշի Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակը՝ ցեղասպանության իրողության տարածմանը, ճանաչմանն ու գիտակցմանը, ժխտողականության դեմ պայքարին ուղղված ծրագրերի միջոցով,
Փարիզի 9-րդ թաղամասը, ելնելով ցեղասպանությունից փրկվածներին ընդունելու իր պատմական դերից, կլինի սերտորեն ներգրավված ծրագրերի իրականացմանը,
Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ խոշոր ցուցահանդես կանցկացվի 2015թ. առաջին կիսամյակում եւ Փարիզն այդ առիթով կհյուրընկալի Երեւանի Ցեղասպանության թանգարանի հավաքածուները,
Ազգային կրթության գերատեսչության հետ համագործակցությամբ կկազմակերպվեն ուսումնադաստիարակչական աշխատանքներ Փարիզի հանրակրթական հաստատություններում՝ Հայոց Ցեղասպանության մասին տեղեկացվածությունը, ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ համայնքի պատմության, որպես Փարիզի եւ հատկապես 9-րդ թաղամասի պատմության անբաժանելի մասի նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու նպատակով,
Փարիզ քաղաքը լավագույնս կարժեւորի ցեղասպանության իրողության եւ Փարիզի զարգացմանը հայ համայնքի ներդրման մասին լայն տարածմանն ուղղված հասարակական նախաձեռնությունները,
Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպվող հիշատակի միջոցառումների շրջանակներում Փարիզի քաղաքապետը կայցելի Երեւան 2015թ. ընթացքում: