Բավ է պառակտվել
17-09-2016 08:03

ՀՀ-ի անկախության 25–ամյա տարեդարձի զորահանդեսը խոստանում է աննախադեպ լինել (լուսանկարներ)

Հայաստանի անկախության 25–րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում սեպտեմբերի 21–ին ծրագրված զորահանդեսը խոստանում է աննախադեպ լինել։ Այդ մասին է վկայում ուրբաթ անցկացված փորձը։

Հանրապետության կենտրոնական հրապարակով անցել են բոլոր զորքերի ստորաբաժանումների զինծառայողներ, դրանց հետևել է ռազմական տեխնիկա, այդ թվում մարտավարական հրթիռային և զենիթահրթիռային համակարգեր, ՀՕՊ միջոցներ, տանկեր։

Թռիչքներ են կատարել նաև կործանիչներ, որոնք ներկել են երևանյան երկինքը հայկական եռագույնի երանգներով։

Փորձին հետևել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը։ Շքերթի փորձը եզրափակել է պատվոպահակի դասակի դեֆիլեն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի իշխանությունները ծրագրում են Հայաստանի անկախության օրն աննախադեպ զորահանդես անցկացնել։

Պաշտպանության նախարարության առջև խնդիր է դրված ներկայացնել Հայաստանի զինված ուժերի ամբողջ հզորությունը։ Շքերթին ակնկալվում է մոտ 10 հազար զինծառայողի մասնակցություն։ Շքերթի նախապատրաստական աշխատանքները սկսվել են ավելի քան մեկ ամիս առաջ։

Տրանսպորտի երթևեկությունը մայրաքաղաքի որոշ փողոցներում այս պահին դադարեցվել է։

Հայաստանը 2016 թվականի սեպտեմբերի 21–ին կնշի երկրի անկախության 25–րդ տարեդարձը։ 1991 թվականի այս օրը հանրապետության Գերագույն Խորհրդի որոշմամբ հանրաքվե անցկացվեց` ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ։ Անկախության հռչակմանը կողմ քվեարկեց ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 99 տոկոսը։ Պաշտոնապես անկախությունը հռչակվեց սեպտեմբերի 23–ին։