Բավ է պառակտվել
24-06-2016 19:27

Հռոմի Պապ. Աստված օրհնի և պահպանի Հայաստանը

Հայ ժողովուրդը ծանոթ է տառապանքին ու ցավին, ծանոթ է հալածանքին, իր հիշողության մեջ պահում է ոչ միայն անցյալի վերքերը, այլ նաև ոգին, որը թույլ տվեց ամեն անգամ նորից սկսելու: ՀՀ նախագահի նստավայրում իր խոսքում ասաց Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:
Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը ՀՀ նախագահի նստավայրում իր ելույթը սկսեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերով:

Խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Պարո՛ն Նախագահ,
Հարգարժա՛ն պետական այրեր,
Պատվարժա՛ն դիվանագետներ,
Տիկնա՛յք և Պարոնա՛յք,
Մեծ ուրախություն է ինձ համար գտնվել այստեղ, հպվել այս հույժ սիրելի հայկական աշխարհի հողին, այցելել հինավուրց և հարուստ ավանդույթներ ունեցող մի ժողովրդի, ով քաջությամբ է վկայել իր հավատքը, ով շատ է տառապել, բայց վերածնվել է միշտ։
« ...Մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, ... հազարամյա քարն ... աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր» (Եղիշե Չարենց, «Ես իմ անուշ Հայաստանի»): Սրանք մի քանի հզոր պատկերներ են, որոնք Ձեր հռչակավոր բանաստեղծը մեզ է ընծայում՝ լուսավորելու համար մեզ Հայաստանի պատմության խորության և բնության գեղեցկության մասին: Դրանք քիչ խոսքերի մեջ ամփոփում են մի ամբողջ ժողովրդի փառավոր և ողբերգական փորձառության արձագանքն ու խտությունը և տոգորող սերը Հայրենիքի հանդեպ:
Սրտանց երախտապարտ եմ Ձեզ, պարոն Նախագահ, Հայաստանի Կառավարության և բնակչության անունից ինձ ուղղված Ձեր բարի գալուստի սիրալիր խոսքերի համար, ինչպես նաև ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ Ձեր ազնիվ հրավերի շնորհիվ, փոխադարձելու անցյալ տարի Վատիկան կատարած Ձեր այցը, երբ մասնակցեցիք Սուրբ Պետրոսի տաճարում՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, և Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց Պատրիարք երջանկահիշատակ Ն.Ե.Ներսես Պետրոս XIX-ի հետ միասին այդ հանդիսավոր արարողությանը: Այդ առիթով հիշատակվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ:
Հարգանքի իմ տուրքն եմ մատուցում հայ ժողովրդին, ով լուսավորված Ավետարանի լույսով, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ է գտել կրկին վեր հառնելու ուժը և արժանապատվությամբ վերսկսելու իր ուղին։ Սա ապացուցում է, թե որքան խորն են քրիստոնեական հավատքի արմատները։ Մեր աչքի առաջ ունենալով անցյալ դարի ատելության, նախապաշարմունքի և տիրելու անսանձ փափագի պատճառած աղետաբեր հետևանքները, ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ և իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով։ Պետք է, հետևաբար, բազմապատկվեն բոլորի ջանքերը, որպեսզի միջազգային բանավեճերում գերակայությունը տրվի երկխոսությանը, խաղաղությանը հասնելու կայուն և անկեղծ պրպտումին, պետությունների միջև երկխոսությանը և միջազգային մարմինների վստահության մթնոլորտ կառուցելու մշտական ջանքերին՝ մնայուն համաձայնությունների հասնելու նպատակով, որոնք նայում են դեպի ապագա։
Կաթոլիկ Եկեղեցին ցանկանում է ակտիվորեն համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր սրտի մոտ են ընդունում քաղաքակրթությունների ճակատագրերը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը՝ աշխարհում հոգևոր արժեքների գերակայությունը ապահովելու համար՝ դիմակազերծելով բոլոր նրանց, ովքեր աղավաղում են դրանց իմաստն ու գեղեցկությունը։ Այս կապակցությամբ, կենսական կարևորություն ունի այն, փաստը, որ բոլոր նրանք ովքեր հայտարարում են իրենց հավատը Աստծու հանդեպ, միատեղեն իրենց ուժերը՝ մեկուսացնելու բոլոր նրանց, ովքեր կրոնը ծառայեցնում են պատերազմական ծրագրերն առաջ տանելուն, հարստահարությանը և բռնի հալածանքին՝ գործիք դարձնելով և շահարկելով Աստծո Սուրբ Անունը։
Այսօր, հատկապես քրիստոնյաները, գուցե առավել, քան առաջին մարտիրոսների ժամանակներում, որոշ տարածքներում խտրականության զոհ են և հալածվում են սոսկ իրենց հավատը դավանելու համար, մինչդեռ բազմաթիվ հակամարտություններ աշխարհի տարբեր վայրերում դեռևս դրական լուծումներ չեն գտել, պատճառելով սուգ, ավերածություններ և ժողովուրդների պարտադրված գաղթ։ Անհրաժեշտ է, ուստի, որպեսզի ազգերի ճակատագրերի համար պատասխանատուները, քաջ կերպով և առանց հապաղելու միջոցներ ձեռնարկեն այդ տանջանքներին վերջ դնելու նպատակով՝ առաջնայնությունը տալով խաղաղությանը հետամուտ լինելուն, բռնությունների և հետապնդումների թիրախ դարձածների պաշտպանությանը և հյուրընկալմանը, արդարության խթանմանը և կայուն զարգացմանը։ Հայ ժողովուրդն անձամբ է վերապրել նման իրավիճակ. ծանոթ է տառապանքին ու ցավին, ծանոթ է հալածանքին, իր հիշողության մեջ պահում է ոչ միայն անցյալի վերքերը, այլ նաև ոգին, որը թույլ տվեց ամեն անգամ նորից սկսելու: Այդ իմաստով քաջալերում եմ նրան, որպեսզի երբեք չդադարի իր արժեքավոր ներդրումը բերել միջազգային հանրությանը:
Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Երջանիկ պահ է՝ ուրախանալու և առիթ՝ հիշելու նվաճած ձեռքբերումները և առաջադրելու նորանոր նպատակներ: Այս ուրախ հոբելյանի տոնակատարությունները առավել իմաստալից կլինեն, եթե բոլոր հայերի համար թե՛ Հայրենիքում, թե՛ սփյուռքում, այն ուժերը համախմբելու և համակարգելու յուրահատուկ պահ հանդիսանա՝ երկրի քաղաքացիական և հասարակական հավասարակշիռ ու համապարփակ զարգացումն ապահովելու համար։ Խոսքը անընդհատ զգոն լինելու մասին է, որպեսզի երբեք չթերանանք բոլորին հավասար արդարության և տկարներին ու տարաբախտներին զորակցության բարոյական հրամայականներին: (Հմմտ. ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Հայաստանից հրաժեշտի ուղերձ», 27 սեպտեմբերի 2001թ., «Ուսուցումներ ԻԴ», 2 [2001], 489): Ձեր երկրի պատմությունը համաքայլ է ընթանում դարերի հոլովույթում պահպանված իր քրիստոնեական ինքնության հետ: Այդ ինքնությունը, հեռու է պետության առողջ աշխարհիկությանը խոչընդոտելուց, ավելին, պահանջում և սնուցում է այն՝ խրախուսելով հասարակության բոլոր քաղաքացիների մասնակցությունը դրան, կրոնի ազատությունը և փոքրամասնությունների նկատմամբ հարգանքը: Բոլոր հայերի համախմբվածությունը և հարևան որոշ երկրների հետ լարվածությունը հաղթահարելուն ուղղված օգտակար ճանապարհներ գտնելու հարաճուն պարտավորվածությունը շատ ավելի կհեշտացնեն իրականացնելու այս կարևոր նպատակները՝ սկզբնավորելով Հայաստանի համար ճշմարիտ վերածննդի դարը:
Կաթոլիկ եկեղեցին, իր հերթին, երկրում մարդկային սահմանափակ քանակով ներկա լինելով հանդերձ, ուրախ է բերել իր ներդրումը հասարակության աճին, հատկապես իր աշխատանքով՝ ուղղված ամենատկարներին և ամենաաղքատներին, առողջապահական և կրթական բնագավառներում և մասնավորապես բարեգործության ոլորտում, ինչպես դա են վկայում արդեն 25 տարի գործող Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի, Երևանի կրթօջախի գործունեությունները, Հայկական Կարիտասի նախաձեռնությունները և կրոնական տարբեր միավորումների կողմից տարված աշխատանքները:
Աստված օրհնի և պահպանի Հայաստանը՝ հավատով, նահատակների քաջությամբ, հույսով՝ ցավից առավել զորավոր, լուսավորված այս հողը»։