Բավ է պառակտվել
25-06-2016 19:17

Հռոմի պապը հայ և թուրք ժողովուրդներին հաշտեցում է մաղթել և խաղաղություն Արցախում

«Ես վաղուց է ի փափագում այցելել ձեր երկիրը, ձեր աշխարհը, որն առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում: Խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն` ամրակուռ հավատով ու սոսկալի տառապանքներով` հյուսված: Մի պատմություն` հարուստ Ավետարանի սքանչելի վկաներով, որոնք ժառանգներն եք դուք: Գալիս եմ Հռոմից ուխտավոր` ձեր հետ հանդիպելու և սրտի խորքից բխող իմ զգացումն արտահայտելու: Այն ձեր եղբոր սերն է: Եղբայրական գրկախառնումն է ողջ կաթոլիկ եկեղեցու, որ ձեզ սիրում է ու ձեր կողքին է», - Հանրապետության հրապարակում Սուրբ Պատարագի ժամանակ ասաց Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը:

Սրբազան հովվապետը նշեց, որ այս հանդիպումը գաղափարների փոխանակում չէ, ընծաների փոխանակում է: «Հնձենք այն, ինչ հոգին է մեր մեջ ցանել` որպես յուրաքանչյուր նվեր»,-ասաց նա:

Իր ելույթում, Վեհափառ Հայրապետը նաև ասել է, որ ապագան պատկանում է երիտասարդների, ովքեր պետք է նպաստեն խաղաղության և ներդաշնակության հաստատմանը: Նա հայ և թուրք ժողովուրդներին հաշտեցում է մաղթել և խաղաղություն Արցախում: