Բավ է պառակտվել
22-06-2015 11:19

Հռոմի պապը քննադատել է գերտերություններին Հայոց ցեղասպանության զոհերի համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը քննադատել է գերտերություններին 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածները կանխելու համար ոչինչ չանելու և լուռ մնալու համար: Հռոմի պապը քննադատությամբ է հանդես եկել Թուրին կատարած այցի ժամանակ, երբ նա պատմել է երիտասարդներին, որ հասկանում է, թե ինչու են նրանք դժվարանում վստահել աշխարհին: 
Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, Երկրորդ աշխարհամարտին, ինչպես նաև՝ Ռուսաստանում Ստալինի օրոք գործող ԳՈՒԼԱԳ-ներին (Ճամբարների և կալանավայրերի գլխավոր վարչություն): Նա դատապարտել է գերտերություններին ոչինչ չձեռնարկելու համար, երբ բոլոր տեղեկությունները մատնանշում էին, որ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաները, քրիստոնյաները, միասեռականները և այլք ուղարկվում էին մահվան ճամբարներ: 
«Գերտերությունները երկաթուղիների լուսանկարներ ունեին, որոնցով գնացքները գնում էին Աուշվից՝ հրեաներին, քրիստոնյաներին, միասեռականներին, բոլորին սպանելու: Ինչո՞ւ նրանք չռմբակոծեցին այդ երկաթուղիները»,- հարցրել է նա: 
Նա խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին՝ այն անվանելով «Հայաստանի մեծ ողբերգություն»։ 
«Նախորդ դարում այդքան շատ, միլիոնավոր հայեր են մահացել: Բայց որտե՞ղ էին գերտերություններն այդ ժամանակ: Նրանք այլ ուղղությամբ էին նայում»,- ասել է Հռոմի պապը: 
Հիշեցնենք, որ ապրիլին Հռոմի պապը զայրացրել էր Թուրքիային, երբ օգտագործել էր «ցեղասպանություն» բառը: 
Հռոմի պապն ասել է երիտասարդներին, որ այսօրվա աշխարհում «ամեն ինչ արվում է գումարի համար»: Նա քննադատել է նրանց, ովքեր խաղաղություն քարոզելով՝ զենք են արտադրում և վաճառում: