Բավ է պառակտվել
14-04-2015 08:15

Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է.Հռոմի պապ

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տրված պատարագին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթի ամբողջական թարգմանությունը:

Սիրելի հայ եղբայրներ և քույրեր,
Սիրելի եղբայրներ և քույրեր,

Մի քանի առիթներով ես խոսել եմ մեր ժամանակների մասին իբրև պատերազմի ժամանակներ, երրորդ համաշխարհային պատերազմը ընթանում է աստիճանաբար, մի պատերազմ, որի ընթացքում մենք ականատեսն ենք լինում դաժան հանցագործությունների, գազանաբարո ոճրագործությունների և իմաստազուրկ ավերածությունների: Ցավոք, այսօր ևս մենք լսում ենք խլացված և մոռացված ճիչը անպաշտպան մեր բազում եղբայրների և քույրերի, ովքեր իրենց քրիստոնեական հավատքի կամ էթնիկ պատկանելության պատճառով սառնասրտորեն սպանվեցին՝ գլխատվեցին, խաչվեցին, ողջակիզվեցին, կամ էլ ստիպված եղան լքելու իրենց հայրենիքը: Այսօր ևս մենք ինչ-որ իմաստով ցեղասպանության միջով ենք անցնում, որի պատճառը ընդհանուր և հավաքական անտարբերությունն է, Կայենի հանցակից լռության պես, ով գոչում էր. «Ինչպե՞ս է դա ինձ վերաբերվում: Արդյո՞ք ես եմ իմ եղբոր պահապանը»: Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է երեք մասսայական և աննախադեպ ողբերգություններ։ Առաջինը դրանցից լայնորեն ճանաչված է, որպես «XX դարի առաջին ցեղասպանություն» (Հովհաննես Պողոս պապ և Գարեգին Երկրորդ, Համատեղ հռչակագիր, Էջմիածին, 27 սեպտեմբերի, 2001թ), պատահել է հայ ազգի՝ առաջին քրիստոնյա ժողովրդի հետ, ինչպես նաև կաթոլիկ և ուղղափառ սիրիացիների, ասորիների, խալդիեացիներին և հույների հետ: Սպանվել են եպիսկոպոսներ և քահանաներ, հավատացյալ կանայք և տղամարդիկ, ծերեր և նույնիսկ անպաշտպան երեխաներ և տկարներ: Մյուս երկու [ողբերգությունները] իրականացվել են նացիզմի և ստալինիզմի ձեռամբ: Ավելի նոր ժամանակներում այլ մասսայական սպանություններ նույնպես տեղի ունեցան, ինչպես օրինակ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում եւ Բոսնիայում: Թվում է, թե մարդկությունը անկարող է վերջ դնել անմեղ արյան թափվելուն: Թվում է, թե այն ոգեւորությունը, որ առաջացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, այժմ արդեն հօդս է ցնդում: Թվում է, թե մարդկությունը այլևս հրաժարվում է տեռորի օրենքով պատճառված սեփական սխալների վրա սովորելուց, քանի որ այսօր նույնպես կան այնպիսինները, ովքեր փորձում են վերացնել այլոց՝ քչերի ձեռքերով և պարզապես մի կողմ են քաշված մյուսների հանցակից լռությամբ: Մենք դեռևս չենք հասկացել, որ «պատերազմը խելագարություն է», «մի անզգա արյունահեղություն»: Սիրելի հայ քրիստոնյաներ, ցավով լցված մեր սրտերը միաժամանակ հուսառատ են Աստծո հարությամբ, և մենք այսօր ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության, այդ անսահման և անիմաստ կոտորածի հարյուրամյակը, որի դաժանությունը ձեր նախնիները ստիպված եղան վերապրել: Կարևոր է, և հիրավի մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունն է մարում, չարիքն այդ վերքերը նորոգում է: Թաքցնել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու: Սիրով ողջունում եմ ձեզ և շնորհակալություն եմ հայտնում այստեղ գտնվելու համար: Երախտագիտությամբ իր ներկայության համար՝ ողջունում եմ Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին: Իմ ջերմ ողջույններն եմ հղում նաև իմ եղբայր Պատրիարքներին և եպիսկոպոսներին. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց, Նորին Սրբություն Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, Նորին Ամենափայլություն Ներսես Պետրոս XIX Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք, Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսարաններ և Հայ Կաթոլիկ Եկեղեցու պատրիարքարան: Ամենակուռ հաստատակամությամբ, որ չարը երբեք չի սերվում Աստծուց, ով անսահման բարին է, և կանգնած ամուր հավատքով, եկեք աղոթենք, քանի որ դաժանությունը երբեք չի կարող համարվել Աստծո գործը և ավելին՝ չի կարող երբեք Նրա Անունով գտնել որևէ արդարացում: Եկեք շարունակենք այս պատարագը մեր հայացքը հառելով Հիսուս Քրիստոսին, ով հարություն առավ մեռյալներից և հաղթանակեց մահվան և չարության նկատմամբ: