Բավ է պառակտվել
25-06-2016 09:00

Հռոմի Պապը գրառում է արել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այցելուների գրքում

Հռոմի Պապը գրառում է արել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:

Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր այստեղ այս վայրում ես աղոթում եմ հայ ժողովրդի ողբերգության համար եւ թող ամբողջ մարդկությունը գիտակցի սա եւ տարբերի չարը բարուց: Սա հայ ժողովրդի ողբերգության հիշողությունն է, որ կմնա մեր մեջ եւ կօգնի կանխարգելել հետագա ոճիրները»:

Նշենք, որ նա Հռոմի Պապը հայտնի է Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշմամբ եւ բազմաթիվ անգամ 1915 թվականի դեպքերն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Ավելի վաղ նշվել էր, որ այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում գրառում անելուց հետո թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մոտեցել ու հուշանվեր է հանձնել Հռոմի Պապին:

Այնուհետեւ Հռոմի Պապին են մոտեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ՝ զավակներ և թոռներ, որոնց թվում էր հայտնի ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը: Նրանց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիուս Տասնմեկերորդ Պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:

Հավատացյալները Հռոմի Պապին ճանապարհել են «Viva Papa» վանկարկումներով:

Ծիծեռնակաբերդից Ֆրանցիսկոս Պապը և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կուղեւորվեն Գյումրի, որտեղ պատարագ կանցկացնեն Վարդանանց հրապարակում: Դրանից հետո Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան» եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն: Այստեղ Հռոմի Պապը կճաշի, կհանգստանա հատուկ իր համար պատրաստված սենյակում: Կրթական կենտրոնի աշխատակիցները նվեր են պատրաստել Հռոմի Պապի համար՝ երկու անտուն որբերի բրոնզե արձանիկ:

Երեկոյան Հռոմի Պապը Երեւանում էկումենիկ արարողություն կանցկացնի եւ աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության: