Բավ է պառակտվել
10-04-2015 09:46

Հուշարձան և 100 խորհդանշական ծառ` խորհրդարանի այգում

Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողություն, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Աժ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Գալուստ Սահակյանի հուշարձանի բացմանը արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է. «Հարգելի բարեկամներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվող այս հուշարձան-ցայտաղբյուրի ծնունդը մեր պատմության ամենաողբերգական էջի յուրատեսակ ընդհանրացում է: Մեզնից յուրաքանչյուրը գենետիկական ինչ-որ մի թելով, հիշողության ինչ-որ մի հատվածով, տոհմածառի առնվազն մի հեռավոր ու աննշան մասով կապված է այդ էջի հետ: Սա ոչ միայն մեր պատմության ամենաողբերգական էջն է, այլեւ հիշեցում մարդկության դեմ երբեւիցե իրականացված ամենասարսափելի հանցագործությունների պատմության մասին: Բնականաբար, այս հուշաքարը խորհրդանշական իմաստ ունի` հավերժացնելու Մեծ եղեռնի միլիոնավոր զոհերի հիշատակը, սակայն նրա էությունը չէր փոխվի, եթե այն նվիրված լիներ Ցեղասպանության թեկուզ մեկ զոհի հիշատակին, ավելի ճիշտ, չէր փոխվի նրա ներքին ասելիքն առ մարդկություն, ասելիք, որի մեջ կա հիշողություն, ուժ ու հավատ, և, կարծում եմ, նաև սթափության կոչ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ տարված են այլատյացության եւ հայատյացության հովերով, ովքեր համառորեն դեռ չեն ուզում ձերբազատվել ցեղասպան-հանցագործի խարանից, ովքեր շարունակում են քայլել ժամանակի եւ քաղաքակրթության շավղից դուրս: Հարգելի բարեկամներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը յուրատեսակ սահման է գծում՝ սահման հանցագործության և մարդասիրության միջև, սահման անցյալի և ապագայի միջև, սահման պատմության և հիշողության միջև: Սակայն եթե հանցագործության եւ մարդասիրության պարագայում խոսքը բաժանարար գծերի մասին է, ապա մյուս դեպքերում սահմանն ունի միավորող նշանակություն՝ ջանքեր ու համոզմունքներ, զգացմունքներ ու բանականություն, գթասրտություն եւ իրատեսություն միավորող, մարդկանց ու ճակատագրեր, մտքեր ու գործողություններ միավորող: Այս հուշաքարն անցյալի հիշատակ լինելուց բացի ուղերձ է ապագային, ուղերձ վերածնված, տոկունությունն ու լավատեսությունը չկորցրած, ցեղասպանությունից հետո էլ հաղթանակներ կերտած ժողովրդի կողմից առ այն, որ ոչ միայն հիշում ենք եւ պահանջում, այլեւ կարող ենք, պարտավոր ենք ուժեղ ու զարգացած լինել եւ դրանով իսկ նվազագույնը ճանաչում եւ դատապարտում պահանջել, պահանջել, ոչ թե ակնկալել: Այսօր տնկվող 100 ծառերը նույնպես ոչ միայն հիշողություն են, այլեւ վստահություն ապագայի հանդեպ, հաղթանակներ կերտելու շարունակական ավանդույթին հավատարիմ մնալու հաստատուն վկայություն»:Հուշարձանի բացումից հետո Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները 100 խորհդանշական ծառ են տնկել խորհրդարանի այգում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Խոսելով Ազգային ժողովի այգում տնկվող խորհրդանշական հարյուր ծառի մասին՝ Ազգային ժողովի նախագահն այդ ծառերը համարել է հաղթանակներ կերտելու շարունակական ավանդույթին հավատարիմ մնալու հաստատուն վկայություն: