Բավ է պառակտվել
05-09-2015 17:06

«Շանթ -2015». Վրանային ճամբար Նուբարաշենում՝ ներգաղթյալների համար (լուսանկարներ)

«Շանթ -2015» զորավարժությունների շրջանակում այսօր Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում վրանային ճամբար է բացվել՝ մտացածին երկրներից Հայաստան եկած ներգաղթյալների համար: Լրագրողների հետ զրույցում խաղաղապահ բրիգադից մայոր Էդգար Խալաթյանն ասաց, որ, ըստ զորավարժության սցենարի, վրանային պայմանները ոչ բարվոք վիճակում են, ներգաղթյալները բողոք են ներկայացնում պետության դեմ, որպեսզի պայմանները բարելավվեն:

«Նպատակն այն է, թե նման պայմաններում նախարարություններն ինչպես են կատարում իրենց գործունեությունը»,- նշեց նա: Զորավարժության ընթացքում բեմադրվեց ամբոխի կառավարում սցենարը, երբ «ներգաղթյալներն» իրենց դժգոհությունն էին հայտնում պետական մարմիններին: Նրանց հետ հանդիպման էին եկել կառավարության անդամները:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության ապստանի հարցերով բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանն ասաց, որ կազմվել է միջոցառումների պլան, նախատեսված է պետական բոլոր իրավասու մարմինների կոնկրետ գործողություններ, թե որ մարմինը ինչ պետք է անի նման պարագայում: «Այն անձիք, ովքեր Հայաստանի տարածքը հատել են այնպիսի հանգամանքների առկայության պայմաններում, որ իրենց կյանքին ու ազատություններին վտանգ է սպառնում իրենց քաղաքացիության երկրում, մեր օրենսդրությամբ այդ անձիք անցնում են Հայաստանի հովանավորության ներքո, չեն վերադարձվում իրենց ծագման երկիր»,- նշեց նա: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի պատասխանատու Քեյթ Պոչապսկին լրագրողների հետ զրույցում գնահատելով «Շանթ-2015» զորավարժությունները, ասաց, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գրասենյակը ողջունում է, որ զորավարժությունների շրջանակում ներառված է նաև փախստականների մեծ հոսքի սցենարը: Նա նաև ողջունեց այն հանգամանքը, որ, ըստ սցենարի, փախստականների խնդիրները լուծելու գործում ընդգրկված են հնարավորինս շատ գերատեսչություններ, կառույցներ: Ըստ նրա, էական է, որ փախստականների հոսքի ժամանակ ընդգրկված են լինում ոչ միայն պետական մարմիններ, այլ նաև միջազգային, հասարակական կազմակերպությունները: