Բավ է պառակտվել
17-05-2016 11:00

Պակիստանցին որոշել էր Հայաստանի տարածքով Եվրոպա հասնել

Պակիստանի 18–ամյա քաղաքացին որոշել էր Եվրոպա Հայաստանի տարածքով հասնել, սակայն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները սահմանախախտին ձերբակալել են հայ–թուրքական սահմանին: ՀՀ-ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները սահմանախախտին ձերբակալել Արաքսավանի շրջանում, հայտնում է վարչության մամուլի ծառայությունը։ «Արտաշատի սահմանային ջոկատի սահմանապահներն անցած հանգստյան օրերին Արաքս գետի մոտ աշխատող տեղաբնակներից տեղեկություն են ստացել, որ սահմանի մոտ անհայտ մարդ է հայտնվել։ Սահմանապահների խումբը մեկնել է սահմանախախտին ձերբակալելու»,- ասվում է հաղորդագրությունում։ Սահմանապահների գործողությունների հետ մեկտեղ Հայաստանի բոլոր ուժային գերատեսչություններին, ժողովրդական կամավորական ջոկատին և տեղի բնակիչներին իրազեկվել է հնարավոր սահմանախախտի մասին։ Ձեռնարկված գործողությունների արդյունքում Արաքսավան բնակավայրի շրջանում անհայտ անձը ձերբակալվել է և հանձնվել Ռուսաստանի սահմանապահներին Նախնական հարցման արդյունքում ձերբակալվածն ասել է, որ Պակիստանի քաղաքացի է, ծնվել է 1998թ.-ին և պատրաստվել է Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա։ Նույն օրը սահմանախախտը սահմանված կարգով հանձնվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ստուգում են ձերբակալվածի վարկածը և պարզում միջադեպի հանգամանքները։