Բավ է պառակտվել
05-08-2014 09:55

Ո՞վ է սրել իրավիճակը

«Սահմանային միջադեպերի վերջին էսկալացիայի ընթացքում արտգործնախարար Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ հրաժարվել Եվրասիական միությանն անդամակցելուց, իսկ երկու երկրների նախագահները համաձայնեցին հանդիպել Սոչիում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Չեմ բացառում, որ վերջինս կառաջարկի շփման գծում տեղակայել խաղաղապահների։ Ռուսաստանն այսպիսով հասել է իր նպատակին։ Փարիզը փոխարինվեց Սոչիով, «մադրիդյան սկզբունքները» կրկին մոռացվեցին, Հայաստանը վերահաստատեց իր «եվրասիականությունը»։ Սակայն մի քանի տասնյակ հայերի և ադրբեջանցիների ընտանիքներում հիմա սուգ է։

Միամիտ հարց. հնարավո՞ր է արդյոք հասնել քաղաքական նպատակներին՝ առանց մարդ սպանելու։ Ինձ թվում՝ հնարավոր է, եթե նպատակներ դնողը չունի մարդակերական ավանդույթներ, բայց ունի բավականաչափ տնտեսական, տեխնոլոգիական լծակներ՝ կողմերի վրա ազդելու։

Բայց կողմերը նույնպես չպիտի հանդես գան զուտ օբյեկտի դերում։ Այդ առումով Ադրբեջանի վրա հույս դնելը, կարծում եմ, իրատեսական չէ։ Նավթի պատճառով այդ երկրի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը և հակված է խելահեղ արկածախնդրությունների։ Բարեբախտաբար մեր բանակն իր գործը լավ է անում և դիմակայում է այդ ոտնձգություններին։ Իսկ դիվանագիտությո՞ւնը։Այստեղ, կարծում եմ, մենք խնդիր ունենք։ Իմ ընկալմամբ՝ դիվանագիտությունը նույն զինվորական ծառայությունն է, որի նպատակն է կանխել զոհերը։ Առայժմ դա չի հաջողվում», կարդում ենք «Առավոտ» թերթի խմբագրականում: