17-11-2016 10:04

Ցեղասպանության ժխտումը կարծիք չէ, այլ հանցագործություն. Նիկոլա Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզում երկուշաբթի հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը Սարկոզիին ներկայացրել է հայ համայնքին մտահոգող հարցերը, որոնց թվում` նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Նա ընդգծել է, որ Ղարաբաղի անվտանգությունը հիմնահարց է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Եվրոպայի համար:

Թորանյանը խոսել է նաև բացասական ազդեցության մասին, որը հայ համայնքի վրա կունենա Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Հանդիպման ժամանակ Սարկոզին ևս հաստատել է, որ դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին:

Անդրադառնալով ցեղասպանությունների թեմային` Սարկոզին թվարկել է 20-րդ դարի 4 կարևորագույն ցեղասպանությունները` Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Կամբոջայի ցեղասպանությունը և թութսիների ցեղասպանությունը: Նա ընդգծել է, որ հայերի պայքարը բարձրացնում է ցեղասպանության դեմ պայքարի հարցերը ողջ աշխարհում: Ըստ նրա «ցեղասպանության ժխտումը կարծիքի արտահայտում չէ, այլ հանցագործություն»: