Բավ է պառակտվել
04-11-2014 18:26

Արաբկիրում նոր պուրակ է շահագործման հանձնվել

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Սունդուկյան 90 հասցեում կառուցված նոր պուրակի պայմաններին: Ժամանակին տարբեր շահարկումների առարկա դարձած բակային այս տարածքը քաղաքապետարանի տարեկան ծրագրի շրջանակում ամբողջովին բարեկարգվել ու դարձել է հարմարավետ կահավորված հանգստի գոտի: Մաքրված ու բարեկարգված 1300 քմ մակերեսով ներկայիս պուրակի տարածքը կահավորվել է նստարաններով, կանաչ տարածքների խնամքն ապահովելու նպատակով անցկացվել է 195 գծմ ոռոգման նոր ցանց, տեղադրվել է 211 գծմ եզրաքար, տարածքն ապահովվել է նաև գիշերային լուսավորությամբ. «Այսօր բոլորս միասին տեսնում ենք, թե ինչ հրաշալի հանգստի գոտի է դարձել Սունդուկյան 90 հասցեին հարակից տարածքը, մինչդեռ երբ նոր էինք այստեղ սկսում աշխատանքները, ինչ-ինչ նպատակներից ելնելով ոմանք, այդ թվում նաև որոշ քաղաքական ուժեր, սուտ լուրեր էին տարածել բնակիչների շրջանում՝ իբր այս տարածքներում շենքեր են կառուցվելու: Ժամանակը ցույց տվեց բոլոր նրանց խոսքի արժեքը, ովքեր, չակերտավոր սրտացավություն ցուցաբերելով, փորձում էին խոչընդոտել այն ծրագրի իրականացմանը, որի համար այսօր մեր բնակիչներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում մեզ: Ու մենք շարունակելու ենք մեր որդեգրած քաղաքականությունն այնքան ժամանակ, մինչև որ մայրաքաղաքում այլևս անբարեկարգ բակ չմնա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին մայրաքաղաքն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար՝ թաղամասի բնակիչները նշել են, որ բարեկարգ հանգստի գոտու վերածված տարածքը տասնամյակներ շարունակ եղել է անբարեկարգ ու անհրապույր մի տարածք: Իսկ այսօր, ընդամենը մի քանի ամսում, բնակիչների հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունների նպատակը բակային տարածքները բնակիչներին վերադարձնելն ու առավել հարմարավետ դարձնելն է, նաև հորդորել է խնամքով պահպանել բարեկարգված բակերն ու հանգստի գոտիները: