Բավ է պառակտվել
07-05-2015 13:31

ՕԵԿ-ը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքական խորհուրդն ամբողջացրել և հավանության է արժանացրել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունները, ինչն այսօր կներկայացվի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին: ՕԵԿ քաղաքական խորհուրդը միաժամանակ հայտարարում է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ներկայացված հինգ հիմնարար առաջարկությունները կուսակցության համար սկզբունքային են և դրանց ընդունման դեպքում «Օրինաց երկիր» կուսակցությունը կմասնակցի սահմանադրական բարեփոխումների շուրջ տեղի ունեցող քննարկումներին: 

Ստորև ներկայացվում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունները.

1. Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ընդլայնել խորհրդարանի լիազորությունները` նախարարների, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց նշանակումը և կառավարության գործունեության վերահսկումը խորհրդարանական խողովակներով քննարկելու միջոցով,

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական կառավարման պայմաններում վարչապետն է հանդիսանում գործադիր իշխանության ղեկավարը` քաղաքական մենիշխանության վտանգից խուսափելու համար բալանսավորել իշխանության թևերը` (ի դեպ, այս գաղափարն արդեն դրված է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում) վերապահելով լիազորություններ ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին: ՀՀ նախագահի համար ամրագրել մի շարք լիազորություններ` ներառյալ պետության գլխի, գերագույն գլխավոր հրամանատարի, սահմանադրության ապահովման երաշխավորի` երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովման, ինչպես նաև արտաքին քաղաքականության ոլորտում որոշակի լիազորություններ ամրագրելու միջոցով, իսկ ԱԺ նախագահի մասով ամրագրել մի շարք լիազորություններ` ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու, խորհրդարանական դիվանագիտության ոլորտում լիազորություններ սահմանելու` ներառյալ միջազգային խորհրդարանական վեհաժողովներում ներկայացուցիչներ նշանակելու, միջխորհրդարանական պատգամավորական խմբեր, հանձնաժողովներ ձևավորելու, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և այլն:

3. Իշխանության կայունությունն ու լեգիտիմությունն ապահովելու նպատակով նախատեսել հանրապետության նախագահի ընտրության և պաշտոնանկ անելու գործընթացների առավել պաշտպանված մեխանիզմներ, մասնավորապես` նախագահի համար նախատեսել ընտրության կարգ պատգամավորների 3/4-րդի մասնակցությամբ ինչպես արվում է բազմաթիվ խորհրդարանական երկրներում: Վարչապետի և խորհրդարանի նախագահի քաղաքական լեգիտիմության բարձրացման նպատակով առաջարկվում է ընտրությունը կատարել խորհրդարանի անդամների 2/3 ձայներով, իսկ ԱԺ հանձնաժողովի նախագահներինը` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սա հնարավորություն կտա տարբերակում մտցնել պետության կառավարման գործում առանցքային դերակատարում ունեցող պաշտոնատար անձանց համար` ապահովելով լայն քաղաքական լեգիտիմություն: Նկատի ունենալով, որ խորհրդարանական կառավարման երկրներում նախագահ կարող է ընտրվել մեծամասնություն կազմող քաղաքական ուժի կամ ուժերի հավանությունը ստացած թեկնածուն` նախագահի երկրորդ անգամ անընդմեջ ընտրվելու իրավունքը պետք է պաշտպանվի, ինչպես դա իրականացվում է Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում: Որպես սահմանադրության երաշխավոր` նախագահի պաշտոնանկության գործընթացը նույնպես անհրաժեշտ է իրականացնել պաշտոնանկության դեպքերը և իրավական հիմքերը մատնանշելով, պատգամավորների 3/4–ի նախաձեռնությամբ` հարցը քննարկելով իրավասու սահմանադրական պատասխանատվության ինստիտուտի միջոցով:

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ անդամ երկրներում և հատկապես խորհրդարանական կառավարման համակարգեր ունեցող պետություններում գործող ընտրական համակարգը համամասնական է, առաջարկում ենք նախատեսել հստակ մեխանիզմներ` անցնելու 100% համամասնական ընտրական համակարգին, իսկ քաղաքական շրջանակներում առկա մտահոգությունը փարատելու նպատակով (իբր համամասնական ընտրակարգը հնարավորություն չի ընձեռի մարզերից ընդգրկել պատգամավորներ), առաջարկվում է կուսակցական ընտրական ցուցակներում նախատեսել պարտադիր քվոտաներ մարզերից պատգամավորներ ներառելու համար: Ի դեպ, քվոտավորման նման կարգ կանանց և ազգային փոքրամասնությունների համար գործում է ինչպես Հայաստանում, այնպես էլ բազմաթիվ երկրներում:

5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովրդավարական երկրների համար առանցքային նշանակություն ունի իշխանության երեք թևերի` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների անկախ գործունեությունը` առաջարկում ենք սահմանադրորեն երաշխավորել այդ իրավունքի անխոչնդոտ իրականացումը: Միաժամանակ ապահովելու համար երկրի քաղաքական կայունությունը` իշխանության թևերի միջև հնարավոր անհաղթահարելի տարաձայնությունների դեպքում սահմանել հանրապետության նախագահի` որպես հնարավոր ճգնաժամային իրավիճակներում արբիտր հանդիսանալու լիազորություններ, ինչպես նաև բարձրացնել Սահմանադրական դատարանի դերը նման դեպքերում: Այս համատեքստում սկզբունքային է դիտարկվում անկախ դատական համակարգ ձևավորելու համար անհրաժեշտ սահմանադրաիրավական մեխանիզմների սահմանումը: