Բավ է պառակտվել
21-10-2016 14:00

Արցախում ականազերծման աշխատանքների համար դրամահավաք կկազմակերպվի

Իր տեսակի մեջ առաջին դրամահավաքը նպատակ ունի ականազերծել Ղարաբաղի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղը: The HALO Trust-ը միջազգային, շահույթ չհետապնդող ընկերություն է, որը դրամահավաքի միջոցով նպատակ ունի 30 հազար դոլար հավաքել՝ Լեռնային Ղարաբաղի Մյուրիշեն գյուղը ականազերծելու համար:

Գյուղի 1,8 ակրանոց (1 ակր – 0,405 հա) ականապատ դաշտը վտանգ է ներկայացնում Մյուրիշենի շուրջ 500 բնակիչներին և հարևան Վազգենաշեն գյուղում բնակվող գյուղացիներին: Ականազերծումը թույլ կտա կանխարգելել դժբախտ պատահարները, իսկ տեղի բնակչությունը կկարողանա օգտագործել ականազերծված հողատարածքը՝ փայտ հավաքելու և անասուններին արածեցնելու համար:

1995 թ.-ից ի վեր Մյուրիշենում առնվազն 5 մարդ է վնասվել ականի պայթյունից: Կազմակերպությունը-ը 2007-2011 թթ.-ի ընթացքում ականազարծել է ականապատ երեք դաշտ՝ հեռացնելով 38 հակահետևակային ական, 2 հակատանկային ական և 3 այլ պայթուցիկ: Ականապատ դաշտը, որ ընկերությունը նպատակ ունի մաքրել դրամահավաքի միջոցով, վերջինն է:

Դրամահավաքը «Անվտանգ քայլեր արցախցիների համար» ավելի ծավալուն արշավի մասն է, որի նպատակն է մինչև 2020 թ.-ը ականազերծել Ղարաբաղի բոլոր ականապատ տարածքները: Անանուն դոնորը խոստացել է վճարել անհրաժեշտ 8 մլն դոլարի կեսը, եթե կազմակերպությունը կարողանա ձեռք բերել ֆինանսական միջոցների մյուս մասը:

Կառույցի տարածաշրջանային տնօրեն Էնդրյու Մուրը նշել է, որ իրենք կազմակերպում են այս դրամահավաքը, քանի որ արցախցիները 22 տարի է, ինչ տառապում են ականապատ դաշտերի պատճառով:

«Ականների պայթյունից զոհերի մեկ երրորդը երեխաներ են: Ականապատ դաշտերը վնասում են նաև տնտեսությանը՝ թույլ չտալով ընտանիքներին օգտագործել հողատարածքը հողագործության համար», – նշել է Մուրը։