Բավ է պառակտվել
19-08-2016 12:04

Հայտնի են «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի ստացողները

«Ավրորա» անդրանիկ մրցանակի 1 միլիոն դոլարի նվիրատվությունն ուղղվելու է Ռուանդայում, Եթովպիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Բրազիլիայում իրականացվող նախագծերին, հաղորդում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Միջոցներն ուղղվելու են այն նախագծերին, որոնք պայքարում են մանկական աղքատության դեմ և նպաստում են փախստական երեխաներին ու որբերին ցուցաբերվող աջակցությանը։

«Ավրորա» մրցանակի դափնեկիր, Բուրունդիի REMA հիվանդանոցի և Խաղաղության Տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն այս տարի ստացավ 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և առավել ազդեցություն գործելու հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն գործի մղած և ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Բարանկիցեն ընտրեց իր գործընկերներին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ), «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամներին, որոնք իրենց հերթին այսօր հայտարարեցին այն նախագծերի անունները, որոնց կուղղվի մրցանակի ֆինանսական աջակցությունը։

««Ավրորա» մրցանակը յուրահատուկ է նրանով, որ հնարավորություն է տալիս ինձ կիսելու պարգևը՝ ինձ շատ հուզող հիմնահարցերի լուծման համար,- ասել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն,- մրցանակի միջոցով մենք կարող ենք աշխարհի տարբեր կողմերում ապրող երեխաներին իսկապես ցույց տալ սիրո և բարության զորությունն ընդդեմ ատելության ու դաժանության»։


Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամը դրամաշնորհի իր բաժինը կուղղի Եգիպտոսից Եթովպիա գաղթած էրիտրեացի 200 փախստականների օժանդակությանը։ Այս նախագծի նպատակն է պաշտպանել երիտասարդներին թրաֆիքինգից և բանտարկությունից, իրականացնել մասնագիտական վերապատրաստում և կառուցել կրթական կենտրոն, որտեղ կարող են սովորել տարեկան առնվազն 200 փախստականներ։

«Ավրորա» մրցանակը կօժանդակի նաև «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամին՝ աջակցելու լքված, բռնությունից և այլ դժվարություններից տուժած երիտասարդ կանանց ու աղջիկներին վերաինտեգրման, կրթական և տնտեսական-վերականգնողական աջակցության հնարավորություններ ընձեռնելու միջոցով։

«Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը նախատեսում է դրամական միջոցներն ուղղել Ռիո դե Ժանեյրոյի առավել աղքատ թաղամասերի երիտասարդ բնակիչներին կրթության հնարավորություններ ընձեռնելուն։ Իրականացվելու է 100 երեխաների և 67 մեծահասակների համար քաղաքացիական կրթության ծրագիր՝ հմտություններ, որոնք անհրաժեշտ են թմրանյութի թրաֆիքինգի ծուղակներից պաշտպանվելու համար։ Ռուանդայի կաթոլիկ թեմի հետ համատեղ՝ նրանք միջոցներ կուղղեն նաև դպրոցական ենթակառուցվածքների բարելավմանն ու արդիականացմանը՝ վերանորոգելով դասարանները, գրասենյակները և սանհանգույցները:

Երեք կազմակերպությունները շարունակելու են աջակցել Մարգարիտ Բարանկիցեի «Խաղաղության Տանը», որը կրթական և արհեստագործական վերապատրաստման միջոցով սոցիալ-տնտեսական օժանդակություն է ցուցաբերում Ռուանդայում բուրունդացի փախստականներին՝ վերականգնելով որբերի, փողոցում կամ բանտում հայտնված երեխաների և աղքատ ընտանիքների զավակների արժանապատվությունը։ Մարգարիտ Բարանկիցեն «Խաղաղության Տունը» հիմնել է 1993թ.` դառնալով 25 որբերիի խնամակալ, և մինչ օրս աջակցել է 30,000 որբերի և կարիքավոր երեխաների։

«Մենք մեծ բավականություն ենք զգում՝ տեսնելով, որ «Ավրորա» անդրանիկ մրցանակն իրական և էական փոփոխություն է բերում աշխարհի տարբեր երկրների ամենակարիքավոր համայնքներին,- ասել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- «Ավրորա» մրցանակը՝ որպես նախաձեռնության մի մաս, ստեղծվել է միանալու աշխարհում կատարվող բացառիկ գործերին՝ որպիսին է Մարգարիտ Բարանկիցեի գործունեությունը։ Մարգարիտն ու իր ընտրած կազմակերպությունները մրցանակային պարգևն ուղղելու են բարեգործության շղթան շարունակելու և աշխարհը բարեփոխելու ջանքերին»։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության նպատակն է ձևավորել լայնածավալ և համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է մինչև մեկուկես միլիոն հայի կյանք խլած Հայոց ցեղասպանությունն ու հիմնված է այդ տարիների խիզախության ու գոյապայքարի ոգեշնչող պատմությունների վրա։ Վերապրածներից շատերը փրկվել են նաև խիզախ անհատների և մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը և փառաբանելով մարդասիրությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծում, ներառում և օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն մարդասիրության ոլորտի հրատապ հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, 100 LIVES նախաձեռնությունը և Երախտագիտության նածագծերը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը IDeA (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի նախագծերից է:

Aurora Prize մրցանակաբաշխությունն ամեն տարի կանցկացվի Երևանում ապրիլի 24–ին։