Բավ է պառակտվել
16-01-2015 16:05

Գյումրեցի 6 ամսական փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է անցել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ վաղ առավոտյան Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել անցկացնել ընդլայնված խորհրդակցություն: Ժամը 14:00-ին Հայաստանի եւ արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ կայացավ ընդլայնված կոնսիլիում: Հեռախոսակապի միջոցով կապ է հաստատվել Քլիվլենդի (ԱՄՆ), Իսրայելի, Ֆրայբուրգի (Գերմանիա), Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, աշխարհի լավագույն կլինիկաների մասնագետների հետ: Կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաեւ երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարել դրենավորում: Վիրահատությունը հայաստանյան մասնագետների հետ կատարում է անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը: Մինչ վիրահատությունն իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հաշվի առնելով, որ այն հնարավորություն կընձեռի կանխարգելել կյանքին սպառնացող հնարավոր բարդությունների զարգացումը, որոնց միտումները կլինիկորեն դեռեւս առկա չեն, սակայն մասնագետների կարծիքով կարող են ձեւավորվել կարճ ժամանակահատվածում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վիրահատության ողջ ընթացքում եղել է բժշկական կենտրոնում: Մասնագետների ջանքերի շնորհիվ վիրահատությունը բարեհաջող է անցել, տեւել է 20 րոպե: Երեխան այժմ գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում: Երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: